Հրդեհ Ստեփանակերտի ՀՅԴ կենտրոնական գրասենյակում. կա տուժած, վիճակը ծանր է
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 11-ին ժամը 3։13-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։ Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։
ԱԻՊԾ տեղեկացմամբ՝ 911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» «Արցախգազ» ընկերություններին։
Հրդեհը բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։28-ին, լիամարել` 3։48-ին։ Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։ Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վերջինիս վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։