«Հաղթեցինք, քանի որ լավ պատրաստվեցինք»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթահարել է Եվրոպայի 2013 թ. առաջնության որակավորման փուլը եւ նվաճել ընտրական մրցաշարի ուղեգիր:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը թիմի նվաճումն առաջին հերթին բացատրում է մրցաշարին լավ նախապատրաստվելու փաստով:
«Մեր առաջին հաջողության համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Մրցաշարից առաջ ֆեդերացիան առաջին անգամ երկարատեւ ուսումնամարզական հավաք կազմակերպեց թիմի համար: Այն անցկացրինք ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները լավ սնվելու եւ մարզվելու համար: Մենք մրցաշարում հաղթեցինք, քանի որ այս անգամ լավ էինք նախապատրաստվել»:
Խոսելով բուն հանդիպումների մասին` Վաղարշակ Ասլանյանն ասաց, որ մեր աղջիկները լավ խաղացին Վրաստանի եւ Մալթայի հետ հանդիպումներում, չնայած դրանք ոչ-ոքի ավարտվեցին:
«Վրաստանի հավաքականում ընդգրկված էին մի քանի լեգեոնականներ, որոնք հանդես են գալիս Թուրքիայում: Մալթայում անցկացվում է կանանց առաջնություն, ուստի դաշտի տերերը խաղային փորձ ունեին: Սակայն կարեւորն այն էր, որ մեր ֆուտբոլիստուհիները սկսել են ավելի վստահ խաղալ պաշտպանությունում»,-ասաց նա:
Նշենք, որ մեր ընտրանու առաջիկա մրցակիցները հայտնի կդառնան մարտի 14-ին, երբ ՈՒԵՖԱ-ն վիճակահանությամբ կորոշի ընտրական 7 խմբերի կազմերը: