Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավաթակիրը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
e9dc5c7609f0f766c6d9e70505920bdf

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 20-րդ հոբելյանական խաղարկությունը:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ հաղթեց «Արարատին»` 1:0: Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Արտյոմ Ադամյանը:

Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Ուլիսի» գլխավոր մարզչի օգնական Արթուր Ասոյանն ասաց, որ թիմի խաղի վրա ազդեց ... խաղադաշտի փոփոխությունը եւ գլխավոր մարզչի բացակայությունը: «Մենք մարզվում ենք Մասիսի չոր խաղադաշտում, իսկ այսօր հանդես եկանք ավելի փափուկ խաղադաշտում, ինչը ազդեց ֆուտբոլիստների գործողությունների վրա: Բացի այդ զգացնել տվեց թիմի գլխավոր մարզչի բացակայությունը, որը ներկայումս հարգելի պատճառներով հանրապետությունից դուրս է գտնվում»:

«Ընդհանուր առմամբ վատ չխաղացինք, - ասուլիսին ասաց «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը - Ցավոք, մեզ չհաջողվեց լուծել գլխավոր խնդիրը` անառիկ պահել սեփական դարպասը»:

Անվանի մասնագետը վերջում ավելացրեց, որ մրցաշրջանի սկզբում սխալ է շաբաթական երկու խաղ անցկացնելը, քանի որ ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով դեռ պատրաստ չեն, ուստի նրանք չեն հասցնում վերականգնել ուժերը:

Զուգահեռաբար կայացած մյուս երկու հանդիպումներում Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ 3:0 խոշոր հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ, իսկ «Շիրակը» ոչ-ոքի` 1:1 խաղաց գործող գավաթակիր «Փյունիկի» հետ: