Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետն անհանգստացնող է համարում միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում Հայաստանի նահանջը (տեսանյութ)

 

 

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության  հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է գրանցել։  «Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք։ Եվ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Թեմայի քննարկման,  հետընթացի պատճառը հասկանալու նպատակով   կառավարության այսօրվա նիստին մասնակցել են «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:  

 

Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է նման արդյունք արձանագրելու պատճառները: «Կոռուպցիայի ընկալման համաթիվի հաշվարկն իրականացվում է 1995-ից, 2003-ից  Հայաստանը գտնվում է դասակարգման աղյուսակում: Նախ մի քանի կարևոր ճշտումներ, առաջինը՝ սա միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս:  Երկրորդը՝ այս ցուցիչը դա միայն գործարարների և փորձագետների ընկալումն է ցույց տալիս: Ընդ որում, տվյալ երկրի և տվյալ երկրի հետ առնչվող: Եվ երրորդ կարևոր արձանագրումը, որ  «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն ինքը չի հաշվարկում, այդ կազմակերպությունը վերցնում է 12 հայտնի միջազգային կազմակերպությունների (ՀԲ, Համաշխարհային տնտեսական ֆորում, «Ֆրիդոմ Հաուս» և այլն)  ուսումնասիրություններ, որոնց ուսումնասիրություններում կան նաև  կոռուպցիայի վերաբերյալ հարցեր: Կազմակերպությունը այդ ուսումնասիրություններից առանձնանցում է կոռուպցիայի վերաբերյալ հարցերը, բերում է 0-100 սանդղակի, ապա հաշվարկում է ամեն մի աղբյուրի կողմից համաթիվը»,-ասել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

 

Հոկտանյանի խոսքով, մինչև 2012-2018 թթ.-ին այդ ցուցիչը տատանվում էր 33-37-ի միջև, որից հետո եղել է կտրուկ առաջընթաց 2 տարիների ընթացքում. 2019-ին միանգամից 42 բարձրացել է, իսկ 2020-ին ևս 7 միավոր ավելացել է. «2021-ին կանգնեց աճը, և այս տարի նահանջեց: Այդ նահանջը վիճակագրորեն զգալի չի, բայց անհանգստանալու կարիք կա, 3 միավոր նահանջը քիչ չէ»:

 

Նա նշել է, որ  Հայաստանի վերաբերյալ 6 ուսումնասիրությունների աղբյուրներից, որոնցից հանվել է միջին վիճակագրական թիվը, առավել մեծ նահանջ տվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի և «V-Dem»-ի ուսումնասիրությունները։ «Համաշխարհային տնտեսական ֆորումը երկու տիպի հարցեր է ի հայտ հանել։ Առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ և այլն։ Եվ երկրորդը՝ որքանով են հանրային միջոցները ոչ օրինական ձևով ուղղվում մասնավորին։ Դա սովորաբար գնումների և այլ գործընթացների միջոցով է տեղի ունենում։ «V-Dem»-ը իր հերթին նշել էր դատական իշխանության անկախության, իրավապահ մարմինների բարեվարքության, զսպող և հակակշռող մեխանիզմների պահպանման խնդիրները»,- նշել է Վարուժան  Հոկտանյանը:

 

Անդրադառնալով պատճառներին՝ Հոկտանյանը  նշել է. «Նայելով ուսումնասիրությունները, տեսնում ենք, որ այդ երեք միավոր նահանջի մոտավորապես 75 տոկոսը տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը: Դրանք երկու տիպի հարցեր են.  առաջինը այն է, թե բիզնեսները որքանով են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայություններին: Օրինակ, հարկային, մաքսային, լիզենցիաներ, կոմունալ վճարումներ և այլն: Եվ երկրորդ հարցը՝ որքանով են հանրային միջոցներն ուղղվում ոչ օրինական ձևով մասնավորին: Այսինքն՝ սովորաբար դա գնումների և այլ գործընթացների միջոցով է, և այստեղ միջնորդավորված կերպով երևում է նաև այն երևույթը, որը կոչվում է պետության զավթում: Դասական սահմանումը, երբ ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել կառավարությանը, գործադիր իշխանությանը և օրենսդիր իշխանությանը որոշումներ: Օրինակ, օրենքներն ընդունվում են որոշակի ֆինանսաօլիգարխիկ խմբերի օգտին, կամ կառավարության որոշումներ տնտեսական ոլորտի»:

 

Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել այդ ցուցիչը՝ չկա առաջընթաց, ինչն արդեն խնդիր է և անընդունելի. «Կարելի է արձանագրել նաև, որ այս ցուցիչը մարդկանց ընկալումն է  թույլ տալիս, որոնք շփվում են տարբեր պետական մարմինների հետ: Դուք նշեցիք, որ բիզնեսը տարբեր ապօրինի վճարումներ է իրականացնում տարբեր պետական մարմինների, մենք դրա մասին գիտենք, որովհետև 2022-ին մենք մի քանի հիշարժան ձերբակալություններ, կալանավորումներ ունեցել ենք: Իհարկե, խնդիրը դրանով չի վերանում: Այս իրավիճակը շատ խորը պետք է ուսումնասիրվի, և մենք պետք է հասկանանք, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է անենք, որ Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվի: Այստեղ մենք պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց նաև պիտի ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների: Այո՛, մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք: Կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է: Իհարկե, դա դե յուրե ի՞նչ է նշանակում՝ իրավաբանները կասեն, որովհետև ես հասկացա, որ գործնական առումով միշտ չէ, որ դա ինքնին նշանակում է, որ որևէ մեկն ուղղակի քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել: Բայց հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը, որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են, տևում են տարիներ»:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նաև արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում տարիներով՝ չհասնելով կոնկրետ եզրագծի և մարդկանց ընկալումը դրանից փոխվում է. «Սա կոմպլեքս խնդիր է: Իհարկե, դատական համակարգի անկախության հետ կապված մենք խնդիր չունենք, բայց մյուս կողմից այս հարցերը մեզ անհանգստացնում են: Եվ նաև պարոն Անդրեասյանին հրավիրել եմ, որպեսզի նաև այս հարցերն ընդգծենք, որ մենք պետք է դատական համակարգի մեր բարեփոխումները, բայց նաև գործնական աշխատանքը փորձենք կազմակերպել այնպես, որ այս հարակից էֆեկտները չստացվեն, որորվհետև դրանից առաջանում է կոնկրետ մարդկանց ընկալումներ: Իսկ որ տարբեր օղակներում մենք ունենք կոռուպցիա՝ մենք ուրիշ տեղից չգիտենք, դա գիտենք ամենատարբեր օղակներում մեր արած բացահայտումներից: Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր ենք բացահայտել՝ Սննդի անվտանգության տեսչություն, Մաքսային ծառայություն, Քաղաքապետարանի վարչական շրջաններից մեկում, կառավարությունում և այլն: Բայց խնդիրն այն է, որ կանխարգելենք կոռուպցիան, դրա համար էլ Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»:

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ համաթիվը երբևէ ընդգծումներ չի ունեցել և չի ներկայացրել, թե որ ոլորտներով է պայմանավորված, որ  համաթվի աճ կամ նվազում է արձանագրվում: «Սա նշանակում է, որ մինչև 40 համաթվի միավոր ունեցող երկրներն առհասարակ գնահատվում են այնքան թույլ ինստիտուցիոնալ և կառավարման համակարգի տեսանկյունից, որ նույնիսկ շեշտադրումներն այլևս իրականացնելու անհրաժեշտություն չկա: 2018 թվականից սկսած, ընդհակառակը, տեղի է ունեցել այդ համաթվի փոփոխությունը՝ հենց էական գնահատելով այն հանգամանքը, որ քաղաքացիական ընդվզումը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման նոր հուսադրում է իրականացրել: Այդ մեծ տարբերությամբ առաջընթացը պայմանավորված է եղել դրանով: Սա նշանակում է, որ արդեն որպես պետություն Հայաստանի Հանրապետությունը գնահատվում է այլ երկրների համախմբում, որտեղ ոչ միայն կոռուպցիայի, ավելի ավանդական կաշառակերության դրսևորումներն է, որ ավելի տարածվածության տեսանկյունից գնահատվում են, ներառյալ նաև այն զեկույցները, որոնք սկզբնաղբյուր են հանդիսացել, այլ հենց կառավարման որակն ինստիտուցիոնալ, որտեղ ամենաէականը և առաջնայինը հենց 2018 թվականից գնահատվել է այդ հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների կառուցումը, դատաիրավական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար: Բայց ինստիտուցիոնալ, այսինքն՝ ոչ թե մարդկանց և քաղաքացիների ընկալման տեսանկյունից, այլ պետության կառավարման տեսանկյունից, և յուրաքանչյուր ինստիտուտի անկախության և դրա գործառնական իրականացման մանդատի տեսանկյունից: Այս համատեքստում արդեն Հայաստանի Հանրապետության համար պահանջատիրությունը կարծես թե մեծացել է, որպեսզի որակական տեսանկյունից կառավարումը լինի այլ ստանդարտներին համապատասխան: Այն փոփոխությունները, որոնք արձանագրվել են, ուղղակի հենց դրա մասին էլ վկայում են: Իստիտուցիոնալ, և մասնավորապես, 2022 թվականի համար ես մատնանշեմ, թե ի՞նչն է նաև միավորի նվազեցման պատճառ հանդիսացել հենց ըստ այդ ընդգծման համաթվի՝ Հայաստանի Հանրապետությունում հենց հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների կիրառման ավելի արդեն ոչ բավարար վիճակն է, իրավապահ մարմինների բարեվարքությունը՝ ավելի լայն իմաստով և նաև դատական իշխանության անկախության երաշխավորումը, ինչպես նաև քաղաքացիական հատվածը»:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն էլ ներկայացրել է դատական համակարգում առկա խնդիրները. «Դատական իշխանությունն ամենալուռ և ամենաքարկոծված իշխանության թևերից մեկն է, որոշ դեպքերում իսկապես մեղավոր որոշ դեպքերի համար, բայց ոչ միակ մեղավորը և ես ուրախ եմ, որ համաթվի ներկայացման ժամանակ արդեն նշվեց, որ այդ 75 տոկոս խնդիրներն արդեն, համենայնդեպս, դատական իշխանության հետ չեն կապված: Ինչպես տիկին Հարությունյանը նշեց, շատ բան է փոխվել հեղափոխությունից հետո: Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսվում էր կաշառքների, սակագների, բացառապես մեծ համատարած կոռուպցիոն երեւույթների մասին,  հեղափոխությունից հետո արդեն ինչ-որ շրջան կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից, բայց անկախ չէ իր նախկին որոշ կապերից, հիմա արդեն խոսում են դատական գործերի ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն: Մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտիվ դրսևորումները, երբ դատավորի մեղքի պատճառով եղել են ձգձգումներ, ուշացումներ»:

 

ԲԴԽ նախագահը նշել է, որ  դատական գործերի ձգձգումներն ունեն նաև օբյեկտիվ պատճառ՝ Հայաստանում դատավորների թիվը սահմանափակ է։ Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ   գործադիր և օրենսդիր իշխանության հետ արդեն դեկտեմբերին մշակվել են լուրջ բարեփոխման օրենսդրական փաթեթներ։

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, նշել է. «Մեր ամենամեծ պրոբլեմը, իմ կարծքով, պետական իշխանության իրականացման ֆունկցիոնալի լավարկումն է այլևս: Մենք այստեղ ոչ թե խնդիր ունենք պայքարը լավացնելու, դա առանձին խնդիր է, բայց ամենասուրը չէ: Այսօր մեր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման պարագայում, կարծում եմ, որ մենք որակապես այլ իրավիճակ կունենանք, և պահանջարկն էլ է դա, որովհետև այդ կոռուպցիոն ռիսկերը կամ դրսևորումները շատ դեպքերում անիմաստ պրոցեսների արդյունք են»: Փոխվարչապետը նաև նշել է, որ հարկային համակարգի բարելավումը և պետական համակարգի գործառույթների լավարկումը պետք է լինի կոնցեպտ՝ խնդիրն արմատախիլ անելու համար, ինչը կլուծի պրոբլեմների 90%-ը, իսկ 10%-ի լուծումն արդեն կմնա դատաիրավական բարեփոխումներին։

 

Արձագանքելով  Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքն այն հայեցակարգի մասին է, որ նախ պետք է անել այնպես, որ կոռուպցիան կամ հնարավոր չլինի, կամ դրա հնարավորությունները շատ նեղ ու սահմանափակ լինեն: Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը մենք պետք է կարողանանք պատշաճ տեմպերով առաջ մղել»:

 

Մեկնարկում է զինծառայողների ատեստավորման գործընթացը.  գնահատումը նախատեսվում է իրականացնել չորս ուղղություններով

 

Կառավարությունը սահմանել է Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողներին կհաշվարկվի հավելավճար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը: Դրանք ներառում են համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը, դրանց անմիջական իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթները: Ատեստավորման կազմակերպման և անցկացման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների գնահատումը նախատեսել չորս ուղղություններով՝ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության, ֆիզիկական պատրաստության աստիճանի, կրակային պատրաստության աստիճանի և շարային պատրաստության աստիճանի գնահատման միջոցով, հստակեցնել կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:

 

Կառավարությունը սահմանել է նաև Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը: Մեկ այլ որոշմամբ էլ՝  Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը:

 

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,  ատեստավորումը կիրականացվի  նախարարի հրամանով ստեղծված 5 կենտրոնում և 10 հանձնաժողովների միջոցով: «Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը: Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, կատեստավորվեն առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային, շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները»,-ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ  զինծառայողները 3 ամիս ժամանակ կունենան պատրաստվելու դրան և տարին 2 անգամ հնարավորություն կունենան կրկին փորձելու ատեստավորվել: Բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 3 տարում: 

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ այսպիսով մեկնարկում է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքներով՝ կախված պաշտոնից, կոչումից, հաստիքից, զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան: «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն մարդիկ, որոնք կրում են զինվորական համազգեստ, համապատասխանում են շատ կոնկրետ չափանիշների: Իհարկե, դա մենք մի գործողությամբ չենք իրականացնի, գնահատման սանդղակներն էլ պետք է փոխենք: Մենք պայմանավորվել ենք նաև, որ ատեստավորման գործընթացում կներգրավվեն այլ գերատեսչությունների կամ գուցե կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեր խորհրդարանական գործընկերները, որպեսզի մենք վստահ լինենք, որ սահմանված  որակական չափանիշները պահպանվում են»,- ընդգծել է վարչապետը: 

 

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ առնվազն կրկնապատկվող աշխատավարձից որոշակի չափ կհատկացվի առողջապահական ապահովագրությանը. «Դա նույնպես կարևոր որոշում է: Դրա արդյուքնում սոցիալական երաշխիքների համակարգն ավելի է ամրանում: Առողջապահության ապահովագրումը ոչ թե գումարի, այլ առաջին հերթին որակի մասին է: Մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի առողջապահության ապահովագրությամբ մարդիկ էականորեն ավելի լավ որակի ծառայություններ ստանան»:     

 

Նիկոլ Փաշինյանը ընդունված որոշումները կարևորել է հատկապես  Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համատեքստում. «Պրոֆեսիոնալ բանակ ասելիս, երբեք նկատի չի առնվում, որ ընդհանրապես որևէ ժամկետային զինծառայություն չի լինելու: Մենք ասել ենք՝ ժամկետային զինծառայության բովանդակությունն ու կառուցվածքը պետք է փոխվի, և պետք է անցնեք պրոֆեսիոնալ բանակի: Այս առումով ես շատ ուրախ եմ, որ մենք, կարծես, թե արդեն մտնում ենք գործնական փուլ ևս մի կարևոր բարեփոխում իրականացնելու՝ հնարավորություն ենք տալու  կանանց կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են անցնել պայմանագրայինի»:  Այդ հնարավորությունը հավանաբար հասանելի կլինի մինչև գալիք ձմեռային զորակոչ:

 

Հաստատվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը

 

Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը: Ռազմավարության գերակա խնդիրները և միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն և սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության առաջնային պահպանման արդիականացման, շարունակական զարգացման և հզորացման, ԱԱՊ օղակի մոդելի և օրինակելի կառուցվածքի սահմանման, միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Առողջապահության համակարգի վերափոխման գործընթացն ամրապնդելու և համակարգելու նպատակով անհրաժեշտ է բարելավել համակարգի կառավարման և կառուցակարգային կարողությունները, ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային մակարդակներում, ապահովել անհրաժեշտ մարդկային ներուժի (ավագ և միջին բուժանձնակազմ) և ռեսուրսների  առկայությունն առողջապահության համակարգի բոլոր օղակներում, ավարտին հասցնել առողջապահական ծառայությունների ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց վերակազմավորման ոլորտում նախաձեռնված գործընթացները։ Ըստ այդմ՝ սահմանվում են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումներն, որոնք ուղղված են մասնավորապես՝բնակչության առողջության, մոր ու մանկան առողջության պահպանամանը և բարելավմանը, անպտղության կրճատմանը և կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը, հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը, բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը և արդյունավետ բուժմանը,  առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը և այլն։

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարության ընդունումը և նշել. «Ոլորտում մինչև հիմա շատ լուրջ ներդրումներ և փոփոխություններ ենք ունեցել, բայց շատ կարևոր է համպարփակ պատկերացում ունենալ առաջիկա անելիքների մասին: Մենք ունենք նաև այդպիսի նպատակադրում և պայմանավորվածություն, որ մինչև 2026 թվականը Հայաստանում, այսպես ասած, վատ վիճակում գտնվող առողջապահական հանրային ֆիզիկական ենթակառուցվածք մենք պետք է չունենանք: Նաև առողջության պահպանման առաջնային օղակի զարգացումն է այս ռազմավարության ամենակարևոր անկյունաքարը»:     

 

Վարչապետը ռազմավարական նշանակություն ունեցող բարեփոխումների՝  առողջապահության ապահովագրման, եկամուտների համընդհանուր հայտարարագրման, բարեհաջող  իրականացման կարևորագույն բաղադրիչներից է համարել ճիշտ կոմունիկացիան.  «Այս մեծ ռազմավարական նշանակություն ունեցող բարեփոխումների մասին հանրության հետ կոմունիկացիա պետք է տեղի ունենա, որպեսզի մարդիկ մանրամասն տեղեկանան՝ ինչ է արվում, ինչ ժամանակացույցով, ինչի համար, ինչ նպատակով և ինչ արդյունքների է հանգեցնելու այդ ամենը: Սա չափազանց կաևոր խնդիր է և այս առումով պետք է հնարավորինս ակտիվ աշխատանք տարվի»:

 

Ազգային անվտանգության մարմիններում առաջարկվում է ներդնել որոշ պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ

 

Կառավարության հավանությանն է արժանացել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես, իսկ հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ու սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ վերը նշված ստորաբաժանումներում ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:

 

Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը: Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում: Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը կհաշվարկվի այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Ընդ, որում նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ համապատասխան պաշտոնների անվանացանկը և հավելավճարի հաշվարկման կարգը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով: Օրինագծի ընդունման արդյունքում վերը նշված կարևորագույն ոլորտներում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա համապատասխան ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում վերջիններս կհամալրվեն բանիմաց կադրերով, ինչպես նաև կկանխվի կադրերի արտահոսքը դրանցից:

 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ ինչպես բանակում, այնպես էլ  Ազգային անվտանգության ծառայությունում սկսվում է ատեստավորման գործընթացը. «Այդտեղ էլ մեր նպատակադրումը նույնն է՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում»:

 

Միջազգային համագործակցություն

 

Գործադիրը հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը վերաստորագրվել է 2007  և 2017 թվականներին, որի  շրջանակներում Հայաստանը ստացել  է աջակցություն  մի շարք ուղղություններում: Մասնավորապես՝ անձնակազմի պատրաստում և վերապատրաստում, փորձագիտական աջակցություն,  ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում և այլն: 2021 թվականի դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր Համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։ Նոր համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների  փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում, անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի  ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի  չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության,  շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

 

Հավանութան է արժանացել 2022 թ. հոկտեմբերի 28-ին Աստանայում ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպաստավոր պայմաններ կստեղծի մասնակից պետությունների միջև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ուղղությամբ համագործակցության ամրապնդման, փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար: Փաստաթուղթը սահմանում է աշխատանքի հիմնական ոլորտները և մասնագիտացված հակահամաճարակային թիմերի աշխատանքի կարգը, վերջիններիս տեղափոխումը մյուս Կողմի պետության տարածքում գտնվող արտակարգ իրավիճակի գոտի, տեղեկատվության և այլ հարցեր:

 

Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագիրն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպման մակարդակում: 1 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման վերաբերյալ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում էր սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ: Ծրագիրը մեկնարկվել է 2021 թ. հունվարի 19-ից՝  Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել է  Տավուշի մարզում, իսկ ներկայում ծրագիրը շարունակվում է  Սյունքի մարզում: Մեկնարկից ի վեր՝ մինչ 2022թ.-ի դեկտեմբերի 1-ը իրականացվել է 16,457 մամոգրաֆիկ հետազոտություն:

 

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձնաց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

 

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝  նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ. փետրվար ամիսը ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Փետրվարի 6-ի  դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել էր 2023թ. հունվարի 1-ից:

 

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Հիմնավորման համաձայն՝  մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ անհայտ կորածի  ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի 10-ը:

 

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում 2022թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու համար: 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների և իրադրության լարվածության ու դրանից ելնելով այլ գործընթացների կապակցությամբ զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնած բնակելի անշարժ գույք գնելու իրավունքն իրացնել: Ըստ այդմ՝ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:

 

Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

 

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով  առաջարկվում է թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ՀՀ դատական դեպարտամենտին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Աջափնյակ, Ս. Մարտիրոսյան փողոց 3 հասցեում գտնվող 626.55 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.0936 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 99 000 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4 950 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝  վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում  հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում

 

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում  Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի կազմակերպմանն աջակցելու նպատակով: Միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 10 քաղաքում (Մանչեսթր, Քեմբրիջ, Էդինբուրգ, Բերնինգհեմ, Շեֆիլդ, Չելթենհեմ, Քրոյդոն, Փերթ, Գիլֆորդ, Լոնդոն): Համերգային 14-օրյա շրջագայության ընդհանուր գումարը կազմում է 98700,0 հազար դրամ, որից ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ակնկալվում է ստանալ 48340,6 հազար դրամը, որը կծածկի նվագախմբի երաժիշտների օրապահիկի ծախսերը:

 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար կհատկացվի՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու համար:

 

Կվերականգնվի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած 3000 ընտանիքի սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը

 

Գործադիրի որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։  

 

 

Այլ որոշումներ

 

Կառավարությունը 11,580.0 հազար դրամ կհատկացնի՝ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին անձնագիր տալու համար նախատեսված պետական տուրքը վճարելու համար: Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:          2022թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 197 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (75 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (122 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

 

Գործադիրը բավարարել է «Վակսկո» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած հայտը՝  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը  ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար և հիմնել նաև նոր ապակու փաթեթի պատրաստման արտադրամաս։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլրդ դրամի ներդրում, որից 400 մլն դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի  45 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 330.6 մլն դրամ: