Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ինչպես մեծ իմպերիան՝ Ռուսաստանն ու փոքր երկիրը Հայաստանը՝ սկսում են երկխոսություն

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Չգծված ափեր․ լուսանկարներ հետխորհրդային միջանկյալից» խորագիրը կրող ցուցահանդես։

Նախագիծն իրականացրել է «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնը:

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի խոսքով, ով, ի դեպ երկու տարի առաջ ՀԱՊ–ում բացված լուսանկարչության բաժնի վարիչն է, այսօրյա քաղաքական մթնոլորտում, այս ցուցահանդեսը բացահայտում է մշակութային և սոցիալական «միջանկյալի» փոփոխականությունը, որը լուսանկարչությունն օգնում է դարձնել ավելի համակարգված և ըմբռնելի։ Նախագծի շրջանակում ստեղծվել են ցուցադրված աշխատանքների սահմանափակ քանակությամբ պորտֆոլիոներ, որոնք կնվիրաբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահին և միջազգային չորս թանգարանների հավաքածուներին։

Նախագծի ռուսական կողմի համադրող Վիկտորյա Մուսվիկը, ցուցահանդեսի բացմանը նշեց, որ սա երկու մշակույթների միջև միմյանց չվնասող երկխոսության և ողբերգական իրադարձություններն ապրումակցելու հարթակ է, որ հասկանանք, թե ինչ կարող ենք փոխել ապագայի համար։

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 1-ը:

«Ա1+»–ը զրուցել է «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանի հետ։

 

–Նազիկ, ինչպե՞ս ծնվեց ցուցահանդեսի գաղափարը։

 

–Քաղաքական դրդապատճառներով Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել արվեստագետներ, մշակույթի գործիչներ, նաև լուսանկարիչներ։

«Էքսպերիմենտ» առցանց պատկերասրահի հիմնադիր Իրինա Գոլինսկայան եկավ մեր կենտրոն և ասաց, որ կցանկանար համագործակցել։ Եվ, երբ Գյոթե ինստիտուտի «Մշակույթի և կրթության կայունացման» հիմնադրամի կողմից ստացանք դրամաշնորհ, որոշեցինք համատեղ նախագիծ իրականացնել։

–Ցուցահանդեսի խորագրից արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացություններ անել, այո՞

–Իհարկե, նախագծի նպատակն էր անդրադառնալ իմպերիայի փլուզումից հետո հետխորհրդային Հայաստանում, Ուկրաինայում, նախկին Խորհրդային Միության այլ երկրներում հակամարտությունների առաջացման խնդրին։

Նաև ինչպես մեծ իմպերիան՝ Ռուսաստանն ու փոքր երկիրը՝ Հայաստանը սկսում են երկխոսություն։ Ինչպես է «մեծը» գալիս «փոքրի» մոտ, այլ ոչ հակառակը։ Եվ ունենալով այս հնարավորությունը, որ նրանք են եկել, այլ ոչ թե մենք ենք գնացել իրենց մոտ, մենք նախաձեռնեցինք այս ցուցահանդեսը, որը ավելին է, քան լոկ լուսանկարների ցուցադրություն, այլև երկխոսության փորձ։ Նշեմ, որ սա առաջին դեպքն է, որ հայ և ռուս լուսանկարիչները միասին են ցուցադրվում, այն էլ այս ձևաչափով։

–Լուսանկարը արվեստ է,սակայն նաև ինֆորմացիայի աղբյուր։ Ի՞նչ ինֆորմացիա են կրում ցուցադրված նկարներն ու ինչն է նրանց միավորում։

 

–Ես կասեի փաստաթուղթ։ Լուսանկարը փաստագրում է ժամանակը, եղելությունը, եթե անգամ դա կոնցեպտուալ լուսանկար է։

Ցուցադրված են դեռ սկսնակ ու արդեն կայացած հայ և ռուս լուսանկարիչների քսան լուսանկար։ Նրանց բոլորին միավորում է իրենց արվեստը իբրև սոցիալ-քաղաքական ու մշակութային իրողությունների շուրջ խորհելու, դրանք կազմաքանդելու և վերադասավորելու միջոց։