Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ինչ անել, երբ պատասխանատու պետական հաստատություններն ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարելու անվտանգային մարտահրավերները

Հրատարակվել է քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ․ համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը։

Հեղինակըկ վերլուծելով մի շարք երկրների պաշտպանական և անվտանգային համակարգերը, որոնք հաջողված են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգում, քննարկում է համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի մշակման և Հայաստանում ներդրման անհրաժեշտությունը։

Գրքում քննարկվում են նաև հիբրիդային պատերազմների ժամանակաշրջանում ագրեսիան զսպելու և զինված հարձակումներից պաշտպանվելու մեխանիզմներն ու գործիքակազմը՝ հիմնավորելով, որ ազգի ներուժը պայմանավորված է ազգային կարողության բոլոր տարրերն ինտեգրելու և ողջ հանրության ներուժն օգտագործելու ունակությամբ։

Գրքի շնորհանդեսին «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը իր ելույթում խոսեց այն մասին, թե ինչու հիմնադրամը որոշեց հրատարակել հենց այս գիրքը։ Նրա խոսքով՝ երեսուն տարվա ընթացքում մենք մեր ինքնիշխանությունը ամրապնդելու փոխարեն՝ ինքնիշխանությունն էինք օգտագործում ժամանակ շահելու համար։

«Այն համակարգերը, որ ինքներս ենք ստեղծել անկախանալուց ի վեր, լավ, թե վատ, դրված խնդիրները լուծում են, օրինակ՝ մաքսային կամ հարկային մարմինները, ինչքան էլ որ քննադատենք, համակարգը աշխատում է։ Այն համակարգերը, ինչ ժառանգել ենք խորհրդային տարիներից և իներցիայի սկզբունքով շարունակել ենք, դրված խնդիրները ձախողել են։ Դա առաջին հերթին վերաբերում է անվտանգության, պաշտպանության համակարգերին, մասամբ մշակույթին ու կրթությանը։ Երբ Հրաչյա Արզումանյանը ներկայացրեց աշխատության բովանդակությունը, մենք հայտնեցինք մեր պատրաստակամությունը՝ հրատարակելու այն։ Հուսով ենք, որ գիրքը լայն տարածում կգտնի, քանի որ նպատակը ոչ միայն գիտական հետազոտությունը հրատարակելն էր, այլ աշխատության մտքերն ու գաղափարները քննարկման առարկա դարձնելն ու կիրառելը»,–ասաց պարոն Բարսեղյանը։

Շնորհանդեսից առաջ «Ա1+»–ը զրուցել է Հրաչյա Արզումանյանի հետ։

 

–Պարոն Արզումանյան, ինչի՞ մասին է աշխատությունը։

–Մեր ապագայի մասին է։ Ինչ պետք է անենք, որ 2020-ի ողբերգությունը չկրկնվի։ Ինձ համար հատկապես ուրախալի է, որ այս գրքի պահանջարկը կա, և դրա համար էլ այն հրատարակվեց։

–Իսկ ի՞նչ պետք է անենք, որ պահպանենք երկրի ինքնիշխանությունը և ինչպիսի՞ն եք տեսնում երկրի ապագան։

– Որպես գիտնական՝ ուսումնասիրելով և վերլուծելով այլ երկրների՝ մասնավորապես Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Իզրայելի, Թայվանի, Սինգապուրի օրինակները, փորձել եմ հասկանալ, արդյոք հնարավո՞ր է, որ 21-րդ դարում Հայաստանը, լինելով փոքր երկիր, ունենալով երեք միլիոն բնակչություն, կարողանա չեզոքացնել ութսուն միլիոնանաոց Թուրքիայի ագրեսիան։ Պարզվեց, որ տեսականորեն հնարավոր է։ Կարելի է կառուցել անվտանգության պաշտպանության այնպիսի համակարգ, որը կկարողանա չեզոքացնել գերուժային կենտրոնների ագրեսիան։ Աշխարհում կան փոքր պետություններ՝ հանձին վերը նշվածների, որոնք կարողացել են ստեղծել այդ համակարգը։

–Նրանք երևի թե չե՞ն ունեցել նման տարածաշրջանային հարևաններ։

–Ինչպե՞ս չեն ունեցել։ Երեսուն միլիոնանոց բնակչություն ունեցող Թայվանի հարևանը մեկ միլիարդանոց բնակչություն ունեցող Չինաստանն է։ Իսկ Ֆինլանդիային 1939-ին ցանկանում էր չեզոքացնել Խորհրդային միությունը։

–Այսինքն, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ լուծումներ եք առաջարկում։

–Այո, նկարագրելով այլ երկրների փորձը, հետևություն անել, թե ինչպիսի լուծումներ կարելի է տալ մեր խնդիրներին։ Գիրքը սրա մասին է։

–Ո՞վ է գրքի իրական սպառողը։

–Գիրքը հասարակության լայն շերտերի համար է գրված՝ բիզնեսմենների, մշակույթի ու հասարակական գործիչների և այլոց, ու նաև պետական այրերի։ Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս իրավիճակին ճիշտ լուծում տալ։ Ավելի կոնկրետ՝ յուրաքանչյուրի, ով կհասկանա ու կհամաձայնի, որ իր տեղում պետք է իր գործը կատարի երկրի անվտանգության պաշտպանական համապարփակ համակարգում։ Կարևորը միասնությունն է։

–Իսկ չե՞ք կարծում, որ միասնության հարցը այսօր մի փոքր ուտոպիստական է հնչում։

–Ո՛չ, չեմ կարծում։ Եթե նայենք որպես վերացական խնդրի, այո։ Սակայն եթե փորձում ես լուծել պետության ինքնիշխանության պաշտպանության խնդիրները և գիտակցում, որ միայն միասնականության դեպքում է հնարավոր, դա արդեն կոնկրետ քայլեր է պահանջում։ Գիրքը ծնվել է որպես հասարակական ջանքերի, հույսերի արդյունք։ Սա կենդանի գիրք է։ Ես հույս ունեմ, որ այն գաղափարները, որ կարողացել ենք ձևավորել գրքի մեջ, կզարգանան,  և կգտնենք այն ճանապարհը, որը կտանի կառուցելու այլ Հայաստան, հզոր Հայաստան, իր ինքնիշխանությունը պաշտպանող երկիր, իր ուժերի վրա հիմնվող պետություն։ Ես ուրախ եմ, որ այս գիրքը ծնել է այն հասարակական շարժումը, որի շուրջ գիրքը կամաց–կամաց դառնում է իրականություն։ Խոսքս «Ոգեզէն» համապարփակ պաշտպանության և անվտանգության հարթակի մասին է։

Միայն թե մի փոքր տարօրինակ է, որ ինչպես ցույց տվեց այլ երկրների խնդիրների ուսումնասիրությունը, նման գաղափարների իրականացումը սկսվում էր «վերևից»։ Այսինքն՝ պետությունն էր սկսում այդ աշխատանքը հասարակության հետ, դաստիարակում հասարակությանը, թե ինչպես պետք է ձևավորել երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը, մինչդեռ մեզ մոտ հակառակ պրոցեսն է։ Դե հայերը մի քիչ «յուրահատուկ են», այս գաղափարները ծնվել ու ձևավորվել են հասարակության մեջ և հասարակությունն է պետության «դուռը թակում», դեռ «թակում ենք, չենք կոտրում»՝ ասելով, որ այս ուղղությամբ պետք է գնանք։

Տարօրինակ է նաև, որ պետությունը չի հասկանում, թե ինստիտուցիոնալ ինչ փոփոխությունների պետք է գնա լուծելու ծառացած խնդիրները։ Բայց, վերջ ի վերջո, այս «դուռը», կարծես թե բացվում է և հույս կա, որ մենք կկարողանանք հասնել նրան, որ այս գաղափարները կդառնան համապարփակ,  և՛ պետությունը, և՛ հասարակությունը, և՛ բիզնեսը, և՛ եկեղեցին, և՛ Սփյուռքը, և՛ Արցախը՝ ողջ հայ ժողովուրդը կհասկանան, կհամաձայնեցնեն իրենց տեղն ու դերը պաշտպանության ընդհանուր անվտանգության համակարգի մեջ և կհասնենք հաջողության։