Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ նոր փոփոխություններ են եղել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ (տեսանյութ)

Ընթացիկ տարվա սկզբից ՌԴ-ում ուժի մեջ են մտել միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններ, որոնք ուղիղ անդրադառնում են նաև Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտների վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների համար հարկերը կբարձրանան:   

«ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիները մինչև 2023 թվականի հունվարի 1-ը վճարում էին ավելի քիչ հարկեր, քան հենց ՌԴ քաղաքացիներն էին: Հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հարկերը հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին: Մեր դեպքում հարկերը աշխատավարձի մոտավոր 37,5 տոկոսի չափով են, հիմա կկազմեն 43,5 տոկոս: Դա իր մեջ ներառում է եկամտահարկը, կենսաթոշակայինը և այլն»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

 

Հաճախ գործատուները հարկ չվճարելու համար փորձում են աշխատողներին պահել առանց պայմանագիր կնքելու: Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ հիմա ձեռնտու չէ գործատուների համար, որովհետև ստիպված են լինելու ավելի շատ հարկեր վճարել: Չի բացառվում, որ փորձեն աշխատողներին համոզել աշխատել առանց պայմանագրի: Մասնագետը հիշեցնում է, որ աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր ունենալը պարտադիր է, որ կարողանան 90-ից ավելի օր գտնվեն ՌԴ-ում և աշխատանքային գործունեություն ծավալեն:

 

Մյուս փոփոխությունը վերաբերում է աշխատանքային միգրանտի կողմից իր ընտանիքին ՌԴ հրավիրելուն: Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած քաղաքացին, եթե ցանկանում էր իր ընտանիքի անդամներին տանել՝ կնոջը, երեխաներին, ծնողներին, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կարիք չուներ որևէ փաստաթուղթ ցույց տալու, ապացուցելու, որ ինքը կարող է ֆինանսապես ապահովել նրանց ՌԴ տարածքում: Բավարար էր միայն աշխատանքային միգրանտն ունենար աշխատանքային պայմանագիր և մեկ տարի ժամկետով կարող էր ընտանիքի անդամների միգրացիոն հաշվառումը երկարաձգեր:

«Հիմա միգրանտը պարտավոր է ցույց տալ նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով գումար: Մոսկվայում մեկ անձի համար կազմում է 20 հազար 589 ռուբլի: Եթե միգրանտը կնոջը, երկու երեխաներին ցանկանում է տանել, ապա այդ գումարը պետք է բազմապատկել 4-ով և պաշտոնապես գրանցված աշխատավարձ ցույց տալ, որ նոր կարողանա 90 օրից ավելի հաշվառումը երկարաձգել: Սա միտված է նրան որ ոչ միայն կնքվեն աշխատանքային պայմանագրեր, այլ իրական աշխատավարձի չափը ցույց տրվի»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Մասնագետը նշեց, որ բազմաթիվ ահազանգեր կան այն մասին, բուժզննում անցնելուց հետո միգրանտների շրջանում մասսայական ախտորոշում են թաքնված սիֆիլիս: Միգրանտին ուղարկում են մեկ այլ կլինիկա հավելյալ ստուգումների, բուժզննման  համար, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Խնդրին արձագանքել են ՌԴ իշխանությունները և որոշվել է, որ այդ անձինք կարող են լրացուցիչ անվճար բուժզննում անցնել պետական մաշկավեներական դիսպանսերում:

«Մեր հայրենակիցները պետք է տեղյակ լինեն, որ եթե իրենց հետ նման դեպք է պատահել, ապա կարող են անվճար հավելյալ հետազոտվել պետական մաշկավերենական դիսպանսերում»,- ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Մասնագետն ընդգծեց, որ հիմնականում խնդիրներն առաջանում են այն դեպքում, երբ միգրանտներն իրազեկված չեն: Արդյունքում մուտքի արգելք են ստանում: Նման դեպքերը քիչ չեն: