Գայթակղիչ առաջարկ
Իտալիայի «Միլանի» ղեկավարությունը 10 մլն եվրո պարգեւավճար է խոստացել ֆուտբոլիստներին, եթե նրանք հաղթեն չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Սակայն դրա համար նրանք նախ պետք է հաղթահարեն 1/8 եզրափակիչի արգելքը: Դա բարդ լուծելի խնդիր է, քանի որ այս փուլի առաջին խաղում նրանք սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել են անգլիական «Տոտենհեմին», իսկ այսօր հանդես է գալու մրցակցի հարկի տակ: Հավելենք, որ «Միլանը» միաժամանակ 33 մլն եվրո գումար կկորցնի, եթե դուրս մնա չեմպիոնների լիգայից:
Թիմի ֆուտբոլիստները, այնուամենայնիվ, կարող են հարստանալ, եթե այս տարի դառնան Իտալիայի չեմպիոն եւ նվաճեն երկրի գավաթը: Ակումբի ղեկավարությունը առաջին մրցանակի համար խոստացել է 10 մլն, իսկ երկրորդի համար` 2 մլն եվրո պարգեւավճար:
Նշենք, որ «Միլանը» ներկայումս Իտալիայի առաջնության միանձնյա առաջատարն է, իսկ երկրի գավաթի խաղարկությունում արդեն հասել է կիսաեզրափակիչ, որտեղ թիմի մրցակիցն է խաղային ճգնաժամի մեջ հայտնված «Պալերմոն»: