Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչ էին բանակցում, և ինչ էր պահանջում միջազգային համայնքը Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը․ Ազատություն (տեսանյութ)

Ազատությունը գրում է․

Ուղիղ 25 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով, որ իր առջև դրվե՛լ է նման պահանջ հայտնի ուժերի կողմից:

«Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք՝ դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր», - ասաց նա։

Հրաժարականի 4-րոպեանոց ելույթում Տեր-Պետրոսյանը չհստակեցրեց` ովքեր են այդ հայտնի ուժերը, ինչու և ինչպես են նման պահանջ դրել Նախագահի առջև: Ակնարկեց, թե ժամանակը կտա այդ հարցերի պատասխանները:

Հիմա Միացյալ Նահանգների Պետդեպի արխիվներում ի հայտ են գալիս գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն հայաստանյան ներքաղաքական տարաձայնությունների, այլև միջազգային համայնքի կողմից փակ դռների ետևում ներկայացված պահանջների մասին:

Փաստացի, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը սկսել էր ակտիվանալ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ տարի առաջ` 97-ին: Դրան նպաստող երկու գործոն կար. նախ, Ադրբեջանը սկսել էր առաջին պայմանագրերը կնքել գազատարների ու նավթամուղների անցկացման շուրջ, և Արևմուտքը շահագրգիռ էր, որ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատվի: Մյուս կողմից, այդ տարվա հունվարին կազմավորվել էր նոր ձևաչափ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահությունը: Ինչպես Պետդեպի դիվանագիտական հեռագրերն են վկայում, այդ փուլում բոլոր երեքի շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը:

Ուստի, համանախագահության հիմնումից մեկ ամիս անց արդեն` փետրվարին, հարցը մտնում է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ Փարիզում կայացած հանդիպման օրակարգ։ Արևմտյան երկու առաջնորդները ընդգծում են՝ պետք է մեկ միասնական ճակատ կազմել և վերջ տալ այս պատմությանը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ):

Շաբաթներ անց՝ փետրվարին, Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին և խնդրում փոխանցել նախագահ Տեր-Պետրոսյանին՝ Ղարաբաղով այլևս զբաղվում են երեք գերտերություններ, և այս փաստը չպետք է անտեսել։

«Երեք կարևոր երկրներ` կարևոր շահերով, նաև ստանձնել են պատասխանատվություն։ Թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ֆրանսիայում և Ռուսաստանում գնալով մեծանում է շահերի համախմբումը՝ կողմերին առաջ մղելու հարցում։ Տեր-Պետրոսյանը չպետք է աչք փակի՝ ճնշում է լինելու», - ըստ գաղտնազերծված փաստաթղթի, զգուշացնում է Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը (փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ)։

Որ միջնորդները լուրջ էին բանակցություններն ակտիվացնելու իրենց ջանքերում՝ երևում է դիվանագիտական հաջորդ հեռագրից. օրեր անց ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպում է նախ ֆրանսիացի ու ռուս գործընկերների`Ժաք Բլոթի ու Բորիս Պաստուխովի, ապա՝ Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հետ: Բոլոր երեք հանդիպումներում բոլոր երեք կողմերն ընդգծում են, որ պատրաստ են հանդես գալ մեկ ճակատով և ակտիվացնել ճնշումները, որպեսզի կողմերը զիջումների գնան: Որոշվում է հարցը ներառել դրանից մեկ ամիս անց՝ ապրիլին Հելսինկիում կայանալիք Ելցին-Քլինթոն հանդիպման օրակարգում։ Թեման բացում է Միացյալ Նահանգների նախագահը` աշխատանքային ճաշի ժամանակ:

Առավել մանրամասն՝ այստեղ