ԶՊՄԿ-ի դեմ արշավը ղեկավարում է փոխնախարար Ալիևը
Աջակցիր «Ա1+»-ին2022 թվականի դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքը բնապահպանական պատրվակով փակած Ադրբեջանի կառավարությունն այս «արդյունքին» հասնելու համար վաղուց տեղեկատվական ֆոն էր ստեղծում։
Ակնհայտ է, որ «բնապահպանական» թեման ամենահեշտ պատրվակն էր՝ հատկապես միջազգային հանրության աչքին տեղի ունեցողն արդարացնելու համար։
Մի քանի օր ծախսելով համացանցում ադրբեջանական աղբյուրների ուսումնասիրության վրա, ակնհայտ է դառնում, որ սա լավ մտածված ծրագիր է, որի վտանգավորությունը մենք կարծես դեռևս չենք գիտակցում։
Հայաստանին ու հայկական կողմին բնապահպանական «աղետների» ջրային և անտառային ռեսուրսները վատնելու և աղտոտելու համար մեղադրանքի քեյսը Ադրբեջանը սկսեց 2021 թվականի մարտի 10-ին։ Հենց այս օրն Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը «հայտնաբերել էր», որ Ողջի (Օխչուչայ) գետում 500 ձուկ է սատկել։ Բնականաբար, ադրբեջանական բազմաթիվ մեդիաներ տարածեցին այս «լուրը»։ Մինչ այդ, այսպես կոչված, Ազատագրված տարածքների Համակարգման շտաբին կից ստեղծվել էր բնապահպանական հարցերով միջգերատեսչական խումբ։
Հենց այս 500 ձկների անկման մասին հայտարարությունն այն կոդն էր, որից հետո սկսվեց հարձակումը բոլոր ուղղություններով։ Այդ օրվանից մինչև այս պահը report գործակալությունը Ողջի գետի անվանումը հիշատակող 26 հոդված է թողարկել։ Բնականաբար, բոլոր նյութերում նշվում է, որ հայերը աղտոտել են սահմանային գետը։
Այս թեզը առաջ մղելու համար նույնիսկ ձկների կոտորածներ են բեմադրվում՝ ցուցադրում են սատկած ձկներ, որոնք երբևէ այս տարածաշրջանում ու այս գետում չեն բազմացել։
Այս քարոզարշավին միացել են բոլորը՝ բնականաբար, Ադրբեջանի ոլորտային նախարարությունները, հնարավոր բոլոր պետական գերատեսչությունները, լրատվամիջոցներ, դեսպաններ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ ու նույնիսկ Ադրբեջանի տխրահռչակ ՄԻՊ Սաբինա Ալիևան։ Հնարավոր բոլոր ուղիներով Ադրբեջանն այս հարցը փորձում է տեղափոխել միջազգային հարթակներ։ Նրանց նույնիսկ հաջողվել է գնահատական ստանալ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) պատասխանատուից։
Հատկանշական է նաև, որ ադրբեջանական մտածված, ծրագրված և ակնհայտորեն լավ ֆինանսավորվող հարձակման թիրախը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։
Հայաստանի ու մասնավորապես ԶՊՄԿ-ի դեմ արշավը ղեկավարում է Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների փոխնախարար Ֆիրդոֆսի Ալիևը, ով պարբերաբար հայտնվում է Լաչինի միջանցքը բլոկադայի ենթարկած խմբի մեջ։
Իսկ ԶՊՄԿ-ն Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորել է գրեթե ամեն տարի, իսկ անցյալ տարի վճարել է այնքան հարկ, որքան չի վճարել Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի ձեռնարկություն, ներառյալ՝ ԶՊՄԿ-ն ինքը։
Օրերս փոխնախարար Ալիևը հայտարարել է, որ հավաքագրվում և համակարգվում են Ողջի գետի մոնիթորինգային տվյալները, որոնք, իր խոսքով, ողբալի պատկեր են ցույց տալիս, որովհետև Զանգեզուրի կոմբինատը պարբերաբար պոչանքները լցնում է գետը։
«Մենք դիմելու ենք դատարան, քանի որ Հայաստանը աղտոտում է Օխչուչայ (Ողջի) սահմանային գետը։ Ապացույցները տրամադրել են հենց իրենք՝ հայկական լրատվամիջոցներն ու հայ բնապահպանները։ Մեզ մնում էր միայն համակարգել ու ամփոփել մամուլի հրապարակումներն ու ՀԿ-ների զեկույցները»։
Թե ի՞նչ հոդվածներ ու ի՞նչ զեկույցների վրա է դատարանում Ադրբեջանը կառուցելու իր ռազմավարությունը՝ հայտնի չէ, բայց ակնհայտ է, այդ երկրի ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում հայկական աղբյուրներն են: Նրանք պարբերաբար մեջբերում են հայաստանյան հանքերի դեմ հրապարակային մեղադրանքները՝ օգնելով իրենց փաստաբաններին: Ըստ փորձագետների՝ այսօր, առավել քան երբեւէ պետք է զգույշ լինել (գուցե ակամա) օգնելու Սյունիքն Արևմտյան Զանգեզուր անվանող թշնամական երկրին։