Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Սյունիքի մարզպետարանը ստորագրել են հուշագիր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանը, ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի, կնքել են հուշագիր՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում համագործակցության մասին։
Հուշագրով նախատեսվում է համագործակցությունն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
∙ Սոցիալական բնագավառում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում, անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, կրթության ոլորտում՝ մասնավորապես՝ Սյունիքի մարզը որակյալ մասնագետներով ապահովելու և այլ ուղղություններով։
∙ Տնտեսական բնագավառում, մասնավորապես՝ նպաստել մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ առաջնահերթությունը տալով թեթև արդյունաբերությունը և հատկապես գյուղատնտեսության ոլորտին:
∙ Բնապահպանական ոլորտում, մասնավորապես՝ նպաստել մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, խթանել այլընտրանքային էներգիայի կիրառությունը:
Կողմերը պարտավորվել են համագործակցել նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում մշտադիտարկման, փորձի փոխանակման, տեղեկատվական նյութերի հրապարակման ուղղություններով։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուշագրի ստորագրման առիթով ասել է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր չէ, որ այս բոլոր ուղղություններով սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում։ Այս հուշագիրը նպատակ ունի ավելի հասցեական, համակարգված և արդյունավետ դարձնելու Սյունիքի ամենախոշոր ձեռնարկության մասնակցությունը մարզի զարգացմանը։ Ինձ համար հատկապես կարևոր է, որ հուշագիրը նախանշում է կոնկրետ թիրախներ և ըստ ոլորտների ձևակերպում խնդիրների լուծման հստակ ճանապարհները։ Կարևոր է նաև, որ տարածքային կառավարման մարմիններն ու մասնավոր ընկերություններն ունենան իրենց պարտավորությունների, գործառույթների և համագործակցության հստակ շրջանակն ամրագրող փաստաթուղթ։ Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին, ինչպես հաճախ եղել է, այլ պետք է փոխլրացնեն և ավելի արդյունավետ դարձնեն մարզի զարգացմանն ուղղված ջանքերը»։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի կարևորությունը. «Շատ կարևոր է, որ սոցիալական օգնությունը լինի նպատակային և միտված՝ կայուն զարգացմանը, իսկ դրա համար ուղղությունների և նպատակների համատեղ համակարգումն անհրաժեշտություն է։
Չհամակարգված սոցիալական ծրագրերն ունենում են կարճաժամկետ ազդեցություն և տարիներով ծախսված զգալի գումարները չեն ապահովում կայուն արդյունք։ Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները և համակարգել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Ինձ համար հատկապես կաևոր է սոցիալական և բնապահպանական կայունության կարևորության գիտակցումը և այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Խնդիրները շատ են, բայց մեր լուծումները պետք է կենտրոնանան ոչ թե արագ, այլ կայուն, երկարաժակետ ու ռազմավարական արդյունքների վրա»։