Բացել լրահոսը Փակել լրահոսը
038A4331
A A
Պաշտոնական

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է տիրապետի զենքի հետ վարվելու կանոններին․ Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր պարգևատրել է պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին:

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, Կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ՝ շուրջ 170 աշխատակցով։

Հրաձգության հանրապետական մրցաշարում թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ 176 միավորով, երկրորդ տեղը գրավել է ՀՀ վարչապետի աշխատակազմի թիմը՝ 168 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ 164 միավորով: Նրանք պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նմանօրինակ մրցաշարերի անցկացումը՝ ընդգծելով, որ զենքի կիրառման վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալը պարտադիր է. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուրը զենքը լիցքավորելու, պահելու և կրակելու տարրական գիտելիքներ պետք է ունենա: Այդ իսկ պատճառով որոշեցինք մրցումն անցկացնել 5,5 տրամաչափի հրացաններով. ի վերջո, դա մարտական զենք է: Յուրաքանչյուր մասնակից գոնե 8 կրակոց կատարեց և հասկացավ, թե ինչպես կարելի է զենքը լիցքավորել և դատարկել»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հրաձգության մրցաշարն անցկացվել է ոչ թե պետական ֆինանսավորմամբ, այլ բացառապես հովանավորների աջակցությամբ: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել հովանավորներին ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ ոչ պրոֆեսիոնալ մասնակիցների գրանցած արդյունքները բավական տպավորիչ են. «Մասնակցությունը շատ ակտիվ էր. բոլոր գերատեսչությունները, մարզպետարանները և քաղաքապետարանը ներկայացրել էին իրենց մասնակիցներին: Հաջորդ տարի նախատեսում ենք ավելի մասսայական դարձնել մրցաշարը՝ չսահմանափակելով թիմերի քանակը: Հասկացանք, որ ռեսուրսը շատ ավելի մեծ է: Արդյունքները հիանալի էին. 50 մետրից 5 կրակոցով 45 միավորը շատ լավ արդյունք է: Կարծում եմ՝ նմանօրինակ արդյունքը պատիվ կբերեր նաև պրոֆեսիոնալ մարզիկներին»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ հաջորդ տարի մասնակիցները մրցաշարին նախապատրաստվելու և մարզվելու հնարավորություն ևս կունենան:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը ևս կարևորել է մրցաշարը՝ նշելով. «Որքան մեր ազգը հմտանա կրակելու գործում, այնքան մեր պատրաստվածությունը բարձր կլինի: Ուրախ եմ, որ այսպիսի մրցաշարեր են անցկացվում: Այս մարզաձևին մասսայական տիրապետելն առավելություն է»:

Կանանց և տղամարդկանց անհատական պայքարի լավագույն եռյակում ընդգրկվածները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և օդամղիչ հրացաններով։

Մրցաշարի անհատական պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Անի Ղարիբջանյանը (44 միավոր), երկրորդ տեղը գրավել է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ Գայանե Մկոյանը (36 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արևիկ Վարդանյանը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեից (33 միավոր):

Մրցաշարի հաղթող Անի Ղարիբջանյանը երկրորդ անգամ է մասնակցում հրաձգության հանրապետական մրցաշարին: Նրա խոսքով՝ մրցաշարը հնարավորություն է տվել նոր գիտելիքներ ձեռք բերել զենքի և դրա հետ վարվելու կանոնների վերաբերյալ. «Յուրաքանչյուր մասնակցի մոտ, կարծում եմ, բացի նոր գիտելիքներից՝ նաև անձնական հմտություններ բացահայտվեցին՝ հանդարտություն, նպատակասլացություն: Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, պետք է տիրապետի զենքի հետ վարվելու կանոններին: Իհարկե, ցանկանամ եմ, որ փամփուշտներն օգտագործվեն միայն հրաձգարաններում»:

Տղամարդկանց անհատական մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Դավիթ Սահակյանը (44 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրել է Գագիկ Իսախանյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից (42 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից Արա Պետրոսյանը՝ 41 միավորով:

Տղամարդկանց և կանանց անհատական մրցապայքարում 4-ից 10-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և հուշանվերներով: Տղամարդկանց մրցապայքարի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը և Սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչ Սուրեն

Պռազյանը, իսկ տղամարդկանց թիմային մրցապայքարում ԿԳՄՍՆ ներկայացուցիչների արդյունքը լավագույնն է եղել:

Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են մրցաշարի գլխավոր հովանավոր Հակոբ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սարիբեկյանը և մրցաշարի գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանը: