Հիշել են Երեւանի «Արարատին»
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մասնակից 16 թիմերից ներկայումս բոլորից վատ հանդես է գալիս «Շալկե-04»-ը: Վերջինս Գերմանիայի առաջնությունում ընթանում 10-րդ հորիզոնականում եւ պայքարում է ուժեղագույնների խմբում մնալու համար:
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, սա հինգերորդ դեպքն է, որ չեմպիոնների լիգայում հանդես եկող գերմանական թիմը նման ցածր տեղ է զբաղեցնում իր երկրի առաջնությունում:
Ի դեպ, գերմանական ֆուտբոլի պատմագիրները այդ կապակցությամբ հիշել են նաեւ Երեւանի «Արարատին»: Պարզվում է, որ 1974-75 թթ խաղարկության 1/4 եզրափակիչում, երբ Մյունխենի «Բավարիան» հանդիպել է մեր թիմի հետ, այդ ժամանակ այն 14-րդ տեղն է զբաղեցրել Բունդեսլիգայում: Հիշեցնենք, որ մյունխենցիները, մեծ դժվարությամբ հաղթահարելով «Արարատի» արգելքը (2:0, 0:1), հասել են եզրափակիչ եւ երկրորդ անգամ անընդմեջ նվաճել եվրոպական չեմպիոնների գավաթը:
Իսկ ահա մյուս երեք դեպքերում Բունդեսլիգայում ցածր տեղեր գրավող թիմերը` «Վերդերը», Դորտմունդի «Բորուսիան» եւ «Բայեր-04»-ը, չեմպիոների լիգայում չեն կարողացել հաջողության հասնել եւ ժամանակից շուտ դուրս են մնացել պայքարից:
Հավելենք, որ «Շալկե-04»-ը այսօր չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հանդիպելու է իսպանական «Վալենսիայի» հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: