Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքով բոլոր վարկածները ստուգվելու են (տեսանյութ)

15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքով հանրության կողմից քննարկվող բոլոր վարկածները ստուգվելու են։ Այս պահին ինժեներասակրավորային վաշտի կացարանում սպայի կողմից բենզինով վառարանը վառելու վարկածը կենսունակ է և հիմնավոր։ Կառավարության նիստի ժամանակ կրկին անդրադարձ կատարվեց Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանից հետաքրքրվեց քննության ընթացքից։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ արդեն ձերբակալվել է առաջին անձը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված։

 

«Թույլ տվեք նախաքննության շահերից ելնելով չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողությունները իրականցվելու են։ Դատախազությունը զինդատախազի մակարդակով ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, և սահմանված հստակ ժամկետներ կան քննությունը ավարտելու և ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ։ Դրա մասին ձեզ պարբերաբար զեկուցում եմ և, նախաքննության շահերից ելնելով, չեմ բարձրաձայնի։ Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, և դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ։ Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր ելակետային նորմերը և քրեաիրավական իրավունքները՝ հասկանալու համար, թե ով ինչ չի արել նաև անվտանգության կանոնները ապահովելու տեսանկյունից»,- ընդգծեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նաև հայտնեց, որ հունվարի 23-ին զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր զինվորական կայազորերի զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում՝ 2020-22 թվականների ռազմական գործողությունների հետևանքով տեղափոխված զորանոցներում կենցաղի և կենցաղավարման հետ կապված։

 

«Իհարկե, հրշեջ ծառայությունների և հրավտանգ նյութերի հետ աշխատանքները առաջնային են, բայց ցանկի մեջ ներառված են մյուս բոլոր անվտանգային կանոնները ևս, օրինակ՝ ինչո՞վ են ապահոված ծածկերը, կա արդյոք երկրորդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես այս ողբերգության դեպքում ականատես եղանք»,- նշեց գլխավոր դատախազը։

Վարդապետյանը վստահեցրեց՝ դատախազությունը այս իրավիճակում ավելի մանրամասն հասարակությանը կտեղեկացվի կատարվող քննության մասին։

 

« Բոլոր վարկածները կստուգվեն, որպեսզի քննության արդյունքում չունենանք սև խոռոչներ, ասեկոսեներ և բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ»,- շեշտեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նշեց նաև, որ Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից հրապարակված վարկածը այս պահին կենսունակ է։

«Հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննություն է իրականացվում և ,կարծես թե, այս պահին ունենք ապացույցների այն բազան, որով մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է։ Կրկնում եմ, որ բոլոր վարկածների ուղղությամբ քննություն իրականացվում է, որպեսզի հետո չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք»,- շեշտեց Վարդապետյանը։

 

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանն իր հերթին հայտնեց, որ բոլոր վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է։

«Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, որը անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ՝ այնքան էլ ազնիվ չեն»,- ավելացրեց Քարամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի վերաբերյալ ևս որոշ մանրամասներ հրապարակեց։

«Հիմա փաստորեն գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել,այն ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի լավ է։ Վկան տեսել է այդ բենզինի տարան բռնկված վիճակում և սպայի հագուստը բռնկված վիճակում, նաև տարածքը բռնկված վիճակում, այդ ամեն ինչն այս պահին հիմնավորվում է»,- եզրափակեց Փաշինյանը։