Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20230124-073059_Word
A A
Քաղաքականություն

Դեպքերից որևէ մեկի պարագայում մեղավորները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության. Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտե ԻՀԿ-ն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2022. «Դիտորդ» տարեկան զեկույցը:

Զեկույցի նախաբանը

2022 թ․-ին Հայաստանում շարունակում է խորանալ 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը։ Տարին սկսվեց Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման անջատումներով՝ եղանակային վատ պայմաններին զուգահեռ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի գրավմամբ։ Այս ամենին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը ԱԺ-ում, թե միջազգային հանրությունը իրենցից ակնկալում է իջեցնել «ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը»:

Ապրիլին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնեցին «Դիմադրություն» շարժումը՝ քաղաքացիական անհնազանդության և շուրջօրյա հավաքների միջոցով փորձելով հասնել Ն․ Փաշինյանի հրաժարականին։ Մոտ երկու ամիս տևած փողոցային պայքարից հետո շարժումը աստիճանաբար թուլացավ, իսկ տարեվերջին ընդդիմադիր խմբակցությունները վերադարձան ԱԺ։

Սեպտեմբերի 13-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, կիրառելով ծանր հրետանի, հարձակողական ԱԹՍ-ներ և այլ ռազմական տեխնիկա, նախաձեռնեցին լայնածավալ հարձակում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի գրեթե ողջ երկայնքով, որի արդյունքում հայկական կողմը ունեցավ 200-ից ավելի զոհեր, ինչպես նաև մեծ քանակությամբ վիրավորներ և գերեվարվածներ։

Ադրբեջանական զինված ուժերը վերահսկողության տակ վերցրեցին մի շարք ռազմավարական տեղավայրեր և խորացան բուն ՀՀ տարածքում։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ արգելափակեցին Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի ճանապարհը՝ ներկայանալով որպես բնապահպաններ և պահանջելով դադարեցնել Արցախի հանքերի շահագործումը։

Ճանապարհը փակած ադրբեջանցիների մեջ էին բազմաթիվ զինվորականներ, Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների անդամներ և ղեկավարներ՝ ընդգծված հայատյաց և ազգայնամոլական հայացքներով ։ Սույն զեկույցի պատրաստման ընթացքում Արցախը Հայաստանի, ինչպես նաև՝ ողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է մնալ փակ։ Այս ամենի պայմաններում, ողջ 2022 թվականը ուղեկցվեց իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներով, ոստիկանական բռնություններով, դատական համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները գործադիր իշխանությանը լիովին ենթարկելու գործողություններով։

Մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակում են մնալ անպատասխան, ամրապնդվում է անպատժելիության մթնոլորտը։ Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը Լեոյի փողոցում վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը տեղում մահացել էր ։ Իրադարձությունը առաջացրել էր հանրության ստվար հատվածի զայրույթը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շարասյունը կանգ չէր առել տուժածին օգնություն ցույց տալու համար։

Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցավ վիճաբանություն՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբոր և փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների մասնակցությամբ, որը ավարտվեց հրազենի կիրառմամբ և երեք երիտասարդների մահով :

Հոկտեմբերի 18-ին իր տան մոտ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ընդդիմադիր Էդգար Ղազարյանը , որը Ն․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր էր կազմակերպել ։ Նշված դեպքերից որևէ մեկի պարագայում մեղավորները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։

Ամբողջական զեկույցին ծանոթանալու համար այցելեք հղումով: