Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը այսօր նշում է ծննդյան 34-ամյակը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Այդ առթիվ հոբելյարին շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

 

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին: Կյանքի առաջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում, քանի որ նրա հայրը, Երևանի «Արարատի» նախկաին հարձակվող Համլետ Մխիթարյանը հանդես էր գալիս տեղի «Վալանս» թիմում։ 1996թ վերջինիս անժամանակ մահվանից հետո նա ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել իր հոր՝ ֆուտբոլիստի կարիերան։

 

Հենրիխ Մխիթարյանը Երևանի «Փյունիկի» սան է: Այդ մասին ուրախությամբ է նշում ակումբի ներկայիս սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, քանի որ նրա ամեն մի տրանսֆերի համար ակումբը ստացել է դրամական փոխհատուցում:

 

2009թ նա նախ տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա տեղի «Շախտյոր»: 2013-16թթ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», այնուհետեև կարիերան շարունակել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և Լոնդոնի «Արսենալում»: 2019 թվականից հանդես է գալիս Իտալիա Ա սերիայում, նախ Հռոմի «Ռոմայի», իսկ 2022-ից Միլանի «Ինտերի» կազմում:

 

Հենրիխ Մխիթարյանը անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Նա 5 տարբեր երկրներում նվաճել է 19 մրցանակ՝ 7-ական Հայաստանում և Ուկրաինայում, 2-ական՝ Անգլիայում և Գերմանիայում, 1՝ Իտալիայում (երեք օր առաջ նվաճել է այդ երկրի Սուպերգավաթը), բացի այդ տիրել է եվրոպական երկու մրցաշարերի՝ Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթներին:

 

Հենրիխ Մխիթարյանը 10 անգամ ճանաչվել է Հայաստանի (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2019, 2020 թվականներ), երկու անգամ՝ ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստ (2012, 2013թթ): Նա նվաճել է նաև բազում անհատական մրցանակներ:

 

Հենրիխ Մխիթարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է (2012թ), բացի այդ հանդիսանում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:  «Ինտերի» կիսապաշտպանն որպես  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան անցած տարվա դեկտեմբերի 15-ին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Արցախում ստեղծված իրավիճակի վրա: Այդ առիթով նա գրառում է կատարել իր սոցէջում:

 

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր վտանգված է։ Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։ Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։

 

Ավելին, Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Հաշվի առնելով, որ ձմեռ է, և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր, այս իրավիճակը բնակիչներին դնում է ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա վերածվում է իրական հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելու», - գրել է Հենրիխ Մխիթարյանը։

 

«Ա1+»-ը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան կապակցությամբ և ցանկանում է նորանոր հաջողություններ Իտալիայի և Եվրոպայի խաղադաշտերում:

 

Հիշեցնենք, որ մեր կայքը մշտապես ներկայացնում է նրա մասնակցությամբ բոլոր խաղերը: Դրանք կարելի է դիտել նաև ուղիղ եթերով: