Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Պաշտոնական

Ինչ են քննարկել հայ և մեքսիկացի պատգամավորները

Հայաստան ենք եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս մասին բարձրաձայնել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն՝ հայտնում են Ազգային ժողովից:

Վերջինիս գլխավորած պատվիրակության հետ հունվարի 17-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները: Բերենիսե Խուարես Նավառետեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է, մասնավորապես, մշակույթի, կրթության, ինչպես նաեւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` հայ խորհրդարանականները նույնպես արժեւորել են երկու երկրների օրենսդիրների, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության զարգացումը:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի խոսքով՝ Հայաստանի եւ Մեքսիկայի ժողովուրդների միջեւ բարեկամությունը ձեւավորված է շատ վաղուց, ունի խոր արմատներ: Բերենիսե Խուարես Նավառետեն էլ կարծիք է հայտնել, որ երկու երկրների պատմություններում էլ կան ցավոտ էջեր:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մասին, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Հայ խորհրդարանականները ստեղծված իրավիճակում կարեւորել են միջազգային հանրության արձագանքը:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը նշել է. «Մենք չենք կարող խոսել երկարաժամկետ խաղաղության մասին, քանի դեռ չի լուծվել ԼՂ հակամարտությունը եւ չի ընդունվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Պատգամավորի խոսքով օրակարգային է միջազգային հանրության անդրադարձն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին` հիմքում ունենալով «Ճանաչում հանուն փրկության» բանաձեւը: