Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ գործակցությունը
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թ. մարտի 16-ին ստորագրված և փոփոխված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 նամակի ստորագրման առաջարկությանը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքվել է 10 մլն եվրոյի ֆինանսական պայմանագիր: Ծրագրի իրականացման գործընթացով պայմանավորված՝ ֆինանսական պայմանագրի վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել է մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանի մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի: Ծրագրի նպատակն է նաև ապահովել Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքը` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ փոխշահավետ համագործակցության զարգացումը: Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:
Հավանության է արժանացել 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ 150 000 000 ԱՄՆ դոլար և ՀՀ-ի համաֆինանսավորում 86 681 000 ԱՄՆ դոլար: Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության արժեքը կազմում է 247 290 000 ԱՄՆ դոլար: Նախագիծը բաժանված է 2 լոտի` Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք և նախատեսվող Քաջարանի թունելի ելք-Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում Քաջարանի թունել: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, վարկային համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր լիազորությունների շրջանակում նպատակահարմար է գտնում վարկային միջոցների հասանելիության ժամկետի (մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30–ը) երկարաձգման վավերացումը։