Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լաչինի միջանցքի շրջափակումն ավելի արդիական է դարձնում միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

 

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

 

Սիրելի ժողովուրդ,

 

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի, միջազգային լայն արձագանք է հարուցել: Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է:

 

Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց Հայրենիքում, և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

 

Հարգելի գործընկերներ,

 

2022 թվականի դեկտեմբերի 30-ին, իմ որոշմամբ, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով՝ աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ, և գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է:

 

Անդրադառնալով ընդհանուր առմամբ տարածաշրջանում առկա իրավիճակին՝ պիտի կրկին վերահաստատեմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ:

 

Պիտի ընդգծեմ նաև,որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ:

 

Շնորհակալություն»:

 

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support