Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

Անհրաժեշտ ենք համարում նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է։ Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ՝ գտնվելով ադրբեջանական բլոկադայի տարբեր կողմերում: 120 հազար մարդ հայտնվել են փաստացի գերեվարված կարգավիճակում:

Ադրբեջնական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացույցն է առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

Ստեղծված իրավիճակում կարևորում ենք 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրավիրվել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա հումանիտար հետևանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապես գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու  և միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերյալ։ Ողջունում ենք նաև ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ։

Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։ 

Անհրաժեշտ ենք համարում նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են,  ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն: 

ԱԳՆ