Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մրգավան
A A
Պաշտոնական

Դիպլոմը կեղծ էր, պաշտոնավարումը կասեցվել է․ Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում 2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ն, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար:

Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գ.Ս.-ն չի ուսանել բարձրագույն մասնա­գիտական կրթության «Մոսկվայի Կ.Ա.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած՝ համապատասխան սերիայի դիպլոմ կոնկրետ գրանցման համարով նշված բուհի կողմից չի տրվել:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։

Որոշում է կայացվել Գ.Ս.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:

Գ.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հրապարակելիս խնդրում ենք հղումն ապահովել