Բացել լրահոսը Փակել լրահոսը
321411687_926482451673380_5318361957664526398_n
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը 3-րդ տեղը գրավեց շախմատի աշխարհի առաջնությունում

Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց հանդես եկավ մեր երիտասարդ շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը:

22-ամյա գրոսմայստերը տղամարդկանց մրցաշարում 21 հնարավորից վաստակեց 15 միավոր և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա արժանացավ բրոնզե մեդալի: Առաջին տեղը գրավեց գործող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 16 միավոր:

Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի մեջտեղում պարտվել էր վերը նշված երկու շախմատիստներին, սակայն հետագայում կարողացել էր հավասարվել նրանց և պայքարել մեդալների համար: Մեր շախմատիստը կստանա 40 հազար դոլար պարգևավճար:

Մեր մյուս մասնակիցներից Զավեն Անդրիասյանը 12,5 միավորով զբաղեցրել է 32-րդ տեղը, Տիգրան Պետրոսյանը՝ 33-րդը, Շանթ Սարգսյանը՝ 38-րդը: Առաջին երկուսը կստանան 1500-ական դոլար պարգևավճար:

 

Ահա մնացած հայ շախմատիստների արդյունքները.

59. Գաբրիել Սարգսյանը՝ 11,5 միավոր

64. Սամվել Տեր-Սահակյան՝ 11,5

69. Մանուել Պետրոսյան՝ 11

104. Մամիկոն Ղարիբյան՝ 10

120. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 9,5

127. Տիգրան Հարությունյան՝ 9,5

 

Կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց Էլինա Դանիելյանը, որը 17 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և զբաղեցրեց 14-րդ տեղը: Նա կպարգևատրվի 2000 դոլարով:

Մարիամ Մկրտչյանը 9 միավորով գրավեց 43–րդ տեղը, Սուսաննա Գաբոյանը՝ 8,5-ով 51–րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը, որը մեկնարկային 9 տուրերում վաստակել էր 5 միավոր, այսօր չմասնակցեց մնացած ութ տուրերին: Կանանց մրցաշարում 13 միավորով աշխարհի չեմպիոն հռչակվեց ղազախ Բիբիսարա Ասաուբաևան: