Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, և հաջողություններ մաղթել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով: «Խորհրդանշական է փոփոխությունն այն առումով, որ վերջին շրջանում մենք դատաիրավական համակարգում ռազմավարական ծրագրերի իրականացման գործում եզրափակիչ փուլ ենք մտել: Առաջիկայում նաև ձևավորվելու է Ներքին գործերի նախարարությունը, մինչ այդ արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն է ձևավորվել և դատական համակարգում, իրավական համակարգում օրենսդրական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնենք իրագործման փուլ: Եվ այս առումով, իհարկե, Արդարադատության նախարարությունը կառավարության լիազոր մարմինն է, որ այդ բոլոր գործընթացները պիտի իրականացնի: Ընդամենը նախորդ շաբաթ մենք Արդարադատության նախարարության 2022թ. տարեկան հաշվետվությունը լսեցինք և տեսանք, որ հստակ նաև պատկերացում ունենք մեր առաջիկա անելիքների մասով: Հույս ունեմ, որ կստացվի նաև Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կառուցողական համագործակցությունը, որը կարծում եմ՝ շատ կարևոր գործոն է այս ողջ գործընթացում: Այստեղ երկու հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել. նախ պարոն Անդրեասյանը նախարարի կարգավիճակում, այնուամենայնիվ, մասնակցել է այդ ռազմավարությունների պլանավորմանը և շատ կոնկրետ ներդրում ունի, մյուս կողմից էլ՝ այդ ռազմավարությունները Բարձրագույն դատական խորհրդի և դատական համակարգի հետ քննարկվում են: Այնպես չէ, որ կառավարությունում կղզիացած քննարկումներ են տեղի ունենում: Նկատի ունեմ, կարծես, կոնսենսուսի նման ինչ-որ մի բան ունենք, թե մենք ինչ պետք է անենք, ինչ բնույթի փոփոխություններ պետք է իրականացնենք: Եվ հետևաբար, կարծում եմ, հիմա բոլոր նախադրյալները կան այդ ամենն իրականացնելու համար: Ուզում եմ հաջողություն մաղթել մեզ և Ձեզ՝ պարոն Մինասյան, Ձեզ՝ պարոն Անդրեասյան, այս գործը կյանքի կոչելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ հրատապ գոյաբանական օրակարգեր ունենք, բայց ո՞րն է այդ օրակարգերը սպասարկելու, այդ մարտահրավերները դիմակայելու ձևը, դա պետական ինստիտուտների կայացման գործից ոչ մի վայրկյան չշեղվելն է: Սա շատ կարևոր է, որովհետև, ընդհանրապես, պետությունը պետք է ինստիտուցիոնալ խորություն ունենա, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայել բոլոր հնարավոր մարտահրավերներին: Ես մեր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների ամենախորքային պատճառը համարում եմ, և դա իմ համոզմունքն է, նաև այս անցած իրադարձությունները վերլուծելով, մեր ինստիտուցիոնալ կայացվածության ցածր մակարդակը բոլոր օղակներում»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործը պետք է հետևողական իրականացվի, որքան էլ այն դժվար ու ծանր լինի. «Այս քննադատությունն էլ կա, թե ինչո՞վ եք զբաղվում՝ դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում և այլն: Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև մենք դատավորներինն էլ, զինվորականներինն էլ, ոստիկաններինն էլ, ուսուցիչներինն էլ, թոշակառուների թոշակներն էլ բարձրացնում ենք, որովհետև ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է: Այսինքն, պետք է օրգանիզմ լինի, օրգանիզմն առողջ լինի, առողջ մկանային համակարգ, առողջ արյունատար և ուղեղային համակարգ ունենա, որ կարողանա հասկանալ ինչ է կատարվում իր շուրջը և դիմակայել: Այս առումով, դատական իշխանության կայացվածությունը կարևոր է: Մենք 13-14 տոկոս տնտեսական աճ կապահովենք և մեր մարտահրավերն է՝ ապահովել այդ տնտեսական դինամիկան: Եվ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը կարևոր է նաև ներդրումների գրավչության առումով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց իրավունքները պատշաճ կպահպանվեն, ներդրումային ռիսկերը կկառավարվեն: Առաջիկայում պետք է ստեղծենք արբիտրաժ, որը չափազանց կարևոր իրադարձություն է և նորամուծություն: Արբիտրաժային գործերում պիտի կողմերի համաձայնության հնարավորություն ստեղծվի, իրենց հետագա հարաբերությունները կարգավորվեն ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության օրենսդրությամբ, այլ, օրինակ՝ միջազգայնորեն ընդունված այլ իրավունքներով և այսպես շարունակ: Շատ մեծ անելիք կա առաջիկայում և այդ անելիքի գործում, այդ անելիքի մեջ, իհարկե, Արդարադատության նախարարության դերը շատ կարևոր է և առանցքային: Կրկին հաջողություն եմ մաղթում և շնորհավորում»: https://a1plus.am/hy/article/447025