Բացել լրահոսը Փակել լրահոսը
63aaf52f0287c63aaf52f0287d167214827163aaf52f0287863aaf52f0287a
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը 8 գյուղ է ուզում ՀՀ-ից և դեմ է ԼՂ կարգավիճակի հարցը հաջորդ սերունդներին թողնելու ՌԴ առաջարկին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ամփոփելով 2022-ի արդյունքները, ասել է, թե ՀՀ հետ սահմանազատման արդյունքում «Ադրբեջանին պետք է 8 գյուղ վերադարձվի»:

«Հայաստանի հետ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին պետք է 8 գյուղ վերադարձվի։ Այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այդ գյուղերը պետք է վերադարձվեն»,- ասել է նա, գրում է APA-ն։

Խոսքն անկլավների մասին է՝ Ղազախի շրջանի 7 գյուղի և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղերի, որոնք ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ։ ՀՀ-ն ևս անկլավ ունի Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը։

Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Բայրամովն ասել է, թե Բաքուն առաջին իսկ օրվանից դեմ է եղել ՌԴ այն առաջարկին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի հետ կապված կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանը քայլ է անում միայն իր ազգային շահերի շրջանակում»,-ասել է նա։