Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր աթոռ
A A
Պաշտոնական

Դատապարտել ծայրահեղականությունը և ահաբեկչությունը. կրոնական համաժողովի հայտարարությունը

Մայր Աթոռը ներկայացնում  է «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակիցների հայտարարությունը.

Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և իրանցի մուսուլմաններս՝ որպես համաշխարհային և ավանդական կրոնների ներկայացուցիչներ, առաջնորդվելով հանուն կայուն, անվտանգ խաղաղության անհրաժեշտությամբ և հաստատելով ընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը մարդկության հոգևոր և ընկերային կյանքի զարգացման, համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

§ Ճանաչել ազգային-կրոնական և հոգևոր-բարոյական ուղենիշների առանցքային նշանակությունը և կարևորությունը հասարակական հարաբերությունների կայուն զարգացման գործում։

§ Դատապարտել և մերժել ընկերային, էթնոմշակութային և կրոնական տարբերությունների հիմամբ անհանդուրժողականությունը, այլատյացությունը, խտրականության դրսևորումները և հակամարտությունները։

§ Կարևորել ժողովուրդների կրոնական բազմազանությունը՝ որպես համամարդկային ժառանգության պահպանման գործոն։

§ Խրախուսել բարեգործությունը, կարեկցանքը, ողորմությունը, ընկերային արդարության և համերաշխության կատարելատիպերի ձևավորումը՝ նպաստելով հասարակությունների մերձեցմանը։

§ Ընդունել կրթության և մասնավորապես կրոնական կրթության արժեքն անձի ինքնակրթության, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի զարգացման գործում։

§ Ընդգծել հասարակության մեջ և ընտանիքի պահպանման ու ամրապնդման գործում կնոջ դերը, հատկապես մոր կարևորությունը մատաղ սերնդի դաստիարակության հարցում։

§ Աներկբա դատապարտել ծայրահեղականությունը, արմատականությունն ու ահաբեկչությունը, հատկապես կրոնական հողի վրա, որոնք ոտնձգություն են մարդկային կյանքի ու արժանապատվության, խաղաղության ու անվտանգության նկատմամբ։

§ Դատապարտել աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում հակամարտությունների և լարվածության օջախների ստեղծմանը նպաստող որևէ գործողություն և խոսք։

§ Խստիվ դատապարտել կրոնական դրույթների և գաղափարների կեղծման և դիտումնավոր շահարկումն ազգերի և ժողովուրդների միջև հակամարտություն և լարվածություն հրահրելու նպատակով։

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շեմին Սուրբ Էջմիածնից աղոթում ենք առ Բարձրյալը՝ հայցելով խաղաղություն համայն աշխարհին և համերաշխություն բոլոր ժողովուրդների միջև։