ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԽԻԹԱՐՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի օր առաջ Ադրբեջանը լուրջ դիվանագիտական հաջողություն է արձանագրել Ղարաբաղի խնդրի մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում։ ։
«Ղարաբաղյան կոնֆլիկտ եւ գրավյալ տարածքներ» ձեւակերպումը հունվարի 8-ի ԵԽԽՎ խորհրդաժողովի ժամանակ դարձել է «ղարաբաղյան կոնֆլիկտ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներ»:
Այսօր այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստոմյանը:
Այդ ձեւակերպումը տեղ է գտել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի նախագծի մեջ: «Սրա վտանգն այն է, որ Ղարաբաղը եւս կարող է դառնալ գրավյալ տարածք», - ասաց Արմեն Ռոստոմյանը:
Մինչեւ հունվարի 26-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանակ ունի թույլ չտալու, որպեսզի է «ղարաբաղյան կոնֆլիկտ եւ գրավյալ մյուս տարածքներ» ձեւակերպումը տեղ գտնի ԵԽԽՎ բանաձեւի պաշտոնական տեքստում:
«Սա միայն պատվիրակության ուժերով լուծվելիք խնդիր չէ, անհրաժեշտ է ԱԳ-ի հետ լուրջ աշխատանք», - ասաց Արմեն Ռոստոմյանը:
Պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն իր հերթին մխիթարվում է նրանով, որ «ԵԽԽՎ-ն այն կառույցը չէ, որտեղ լուծվում է Ղարաբաղի հարցը»:
Պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ հունվարի 8-ի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ՀՀ պատվիրակությանը հաջողվել է ղարաբաղյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրից դարձնել հենց Ղարաբաղի խնդիր:
ԱԺ փոխնախագահը ընդունում է, որ «ղարաբաղյան կոնֆլիկտ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներ» ձեւակերպման մեջ ՀՀ համար մտահոգիչ բան կա: «Բայց թող տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեծ բան է կատարվել», - թեման փակեց Տիգրան Թորոսյանը: