Բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, հետո հաշվիչ կայանին, կոտրել դրանք և հեռացել․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, գազախողովակներն ու գազի հաշվիչ կայանը վնասված է, և կա գազի արտահոսք։
Նմանատիպ ահազանգ ստացել է նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերությունը։ Դեպքի վայր է ժամանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Մովսիսյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վալտեր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը, որպեսզի հրշեջ- փրկարարներն ու «Գազպրոմ Արմենիայի» Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները վերացնեն վթարը։
Պարզվել է՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքնան, ըստ տեղեկությունների՝ բեռնատար, Ռուբինյանց փողոցի 27/72 հասցեի մոտ բախվել է գազատար խողովակներին, հետո հաշվիչ կայանին, կոտրել դրանք և հեռացել։
Գազախողովակների վնասվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք, ինչը դադարեցվել է Գազպրոմի աշխատակիցների կողմից։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։