Բացել լրահոսը Փակել լրահոսը
շինարարություն ձմռանը
A A
Պաշտոնական

Վանաձորի համայնքապետարանից շինարարական բում են խոստանում

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն այնպիսի ճանապարհներ, որոնք տարիներ շարունակ եղել են, մեղմ ասած, անբարեկարգ, քարուքանդ վիճակում:

Հիմնանորոգվող փողոցներից մեկն, օրինակ, մարզկենտրոնի կենտրոնական, ամենաբանուկ ու ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող Գարեգին Նժդեհ փողոցն է՝ հիվանդանոց տանող ճանապարհը, վերջին անգամ այս փողոցը հիմնանորոգվել էր տասնամյակներ առաջ:

Ոչ պակաս անմխիթար վիճակում են գտնվում նաեւ Վանաձորի Ներսիսյան,

Իսահակյան, Զաքարյան փողոցները: Ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող փողոցներում փոսերն այնքան շատ են, որ անգամ փոսային նորոգումներն ու պարբերաբար իրականացվող հարթեցումները չէին մեղմում իրավիճակը, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր վարորդների ու հետիոտների արդարացի դժգոհություններին:

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ու քաղաքապետարանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաեւ Դարպաս, Շահումյան եւ Գուգարք բնակավայրերի խնդիրները:

Շահումյան եւ Գուգարք բնակավայրերում, օրինակ, հաջորդ տարի կհիմնանորոգվի միանգամից 6 փողոց, Դարպասում՝ 2: Ծրագիրն ընդունված է, բյուջեն՝ հաստատված:

Գալիք տարում համայնքի բյուջեով ու կառավարության համաֆինանսավորմամբ համայնքի կարիքների համար ձեռք կբերվեն նաեւ նոր աղբատար մեքենաներ, կհիմնանորոգվեն տիկնիկային թատրոնն ու «աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքը:

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի 2-րդ փուլով հաջորդ տարի կավարտվեն նաեւ

Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի եւ

Գուգարք բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Կմեկնարկի նաեւ Վանաձորի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցումը:

Ավելի քան 2.5 մլրդ դրամ արժոողությամբ սուբվենցիոն ծրագրերը Վանաձոր խոշորացված համայնքում այսքանով չեն ավարտվում: Համայնքապետարանից խոստանում են՝ 2023թ-ը Վանաձոր խոշորացված համայնքի համար լինելու է ձեռքբերումների ու առաջընթացի տարի, ու եթե սրան էլ ավելացնենք նաեւ զուտ համայնքի բյուջեով նախատեսված ծրագրերը, ապա Վանաձոր խոշորացված համայնքի խնդիրները եթե ոչ լիովին, ապա զգալիորեն կնվազեն:

Վանաձորի համայնքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին