Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ նախագահ
A A
Քաղաքականություն

Արցախի նախագահը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ

Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու համար:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների զարգացումը Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի վարչական շրջանների և քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են դինամիկ կերպով:

Փարիզի քաղաքապետը վստահեցրել է, որ Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները: