«Բրենդային» ասպիրին կամ ինչպես 100 դրամանոց դեղը գնել 7000 դրամով
Եթե ասպիրինի մեկ տուփը հանրապետության դեղատներում 100 դրամ արժե, ապա Լոռու մարզի Թումանյան համայնքի 6 բնակավայրում 1 տուփ ասպիրին գնելու համար կարիք կլինի 7-9 հազար դրամ ծախսել։
Ոչ ասպիրինն է մոգական, ոչ էլ թումանյանցիներն են այդչափ առատաձեռն․ մեղավորը միջհամայնքային տրանսպորտն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։
Թումանյան համայնքն ունի 9 բնակավայր, որից 6-ը զրկված է գյուղ-քաղաք կապից, քանի որ համայնքում առկա է ներհամայնքային տրանսպորտի խնդիր։ Այս 6 բնակավայրում բնակվում է մոտավորապես թվով 2000 մարդ։ Բնակչության 30% ունի սեփական ավտոմեքենա։ Նրանց բախտը, ու երբեմն էլ՝ հարեւաններինը, մասամբ բերել է, քանի որ դեղուդարմանի հետևից քաղաք հասնելը գոնե խնդիր չի դառնում։
Համայնքում հասանելի է նաև տաքսի ծառայություն, սակայն ճանապարհների անբարեկարգ վիճակը թանկացնում է ուղևորավճարը այնքան, որ տաքսիների ծառայությունից օգտվելը ճոխություն է։
Ահնիձորին ամենամոտ դեղատունը գտնվում է 45 կմ հեռավորության վրա։ Այսքան ճանապարհն անցնելու համար գյուղացին պետք է վճարի 7 հազար դրամ միայն մեկ ուղղության համար։
Գյուղերը փոքր են և այդ տարածքում դեղատան բացումը բացառվում է, քանի որ որևէ բիզնեսը չի աշխատի։ Փաստորեն, դեղատներում վաճառվող 100 դրամանոց ասպիրինը գնելու համար նվազագույնը 7 հազար դրամ է անհրաժեշտ։ Հարկ է նաև նշել, որ գումարի առկայությունը կարող է բավարար չլինել․ այդ ճանապարհներով երթեւեկելու համար հաճախ տաքսու վարորդների հետ լուրջ բանակցություններ վարելու, նրանց համոզելու կարիք է լինում։
Բնակիչները դիմում են իշխանություններին՝ մեր ուզածն ընդամենը մեր համայնքում ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացումն է։
Գյուղացին պետք է իմանա, որ ունի հնարավորություն շաբաթվա մեջ գոնե երկու անգամ վճարել խելամիտ գին ու հասնել համայնքի Ա կետից Բ կետը։
Տրանսպորտն այդքան էլ խնդիր չի լինի,եթե ճանապարհները բարեկարգվեն։ Այդ դեպքում ավելի հեշտ կլինի կարգավորել ներհամայնքային տրանսպորտի խնդիրը, որով կամրապնդեն գյուղ-քաղաք կապը, բնակիչների հեշտ տեղափոխումն առանց հավելյալ ծախսերի, ինչպես նաև կբարելավվի գյուղացու կյանքի որակը։
Սիրարփի Եգանյան
Լոռու մարզի Թումանյան համայքի «Նախաձեռնող կանայք» խմբի համակարգող