Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 24-ը նոյեմբերի․ 70-ից ավելի մտավորականներ պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

1996-ի նոյեմբերի 24-ին համաժողովրդական քվեարկությամբ Լեռնային ղարաբաղի նախագահ է ընտրվում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Միջազգային դիտորդների եւ լրագրողների մեծ մասը Ռուսաստանից է։

ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը 1997-ի այս օրը հաջորդ տարվա բյուջեն անվանում է գոյապահպանական, որում չկան տնտեսության զարգացման հիմքեր։ Եթե այն ընդունվի,-ասում է իշխող կուսակցության նախագահը,-կպակասեն մարդկանց աշխատավարձերը։

1997-ի այս օրը իր նստավայրում լրագրողների հետ զրուցում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը։ Կաթողիկոսն ասում է, որ առանձնապես լրագրողներից ավելի մտահոգված չէ Հայաստանում աղանդավորների աճով՝ այդպիսի հավատը չի կարող երկար տեւել։

1998-ի նոյեմբերի 24-ին Հայաստանը պատասխանում է Արցախի հակամարտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին։ Արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է, որ պատասխանը դրական է՝ փաստաթուղթն ընդունել ենք որպես բանակցությունների հիմք։ Նույն օրը Երեւանում նշում են «Առաջին սիրո երգը» կինոնկարի ստեղծման 40-ամյակը։ Այս ֆիլմի վրա աշխատել էին երկու ռեժիսոր եւ երկու կոմպոզիտոր։

1999-ի նոյեմբերի 24-ին Հանրապետականի նախագահ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ խոսում է հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանին ուղղված Վանո Սիրադեղյանի նամակի մասին, որում վերջինս պաշտպանության նախարարին զգուշացնում է իր շուրջը սեղմվող օղակի, այսինքն, կյանքին սպառնացող վտանգների մասին։ Նույն օրը Փարաջանովի տուն թանգարանում մեծ ռեժիսորի բանտից ուղարկված նամակների ընթերցանության օր է: Ընթերցումներին ներկա են տարբեր պետությունների դեսպաններ։

2000-ի նոյեմբերի 24-ին Հայ ազգայնականները հայտարարում են համախմբման մասին: Դաշինքի ներկայացուցիչ Մուշեղ Լալայանը Հանրապետական չէ եւ պարզաբանում է, թե ինչու իրենց գաղափարակիրների ստեղծած Հանրապետականն այս ազգայնական կառույցում չկա։ Սահմանադրական փոփոխությունները թեման են 2001-ի նոյեմբերի 24-ին : Շավարշ Քոչարյանը դժգոհ է, որ դեռեւս չեն հրապարակել փոփոխությունների արդեն պատրաստի նախագիծը: Մինչդեռ խորհրդարանում շրջանառվում է միանգամից 3 նախագիծ, որոնցից մեկի հեղինակը Շավարշ Քոչարյանն է։ Իրավաբանության դոկտոր Վլադիմիր Նազարյանին դուր է գալիս հենց Շավարշ Քոչարյանի Սահմանադրության խորհրդարանական նախագիծը : Ինքն ընդհանրապես դեմ է կիսանախագահական կառավարմանը՝ այն պետք է լինի կամ նախագահական, կամ խորհրդարանական։ Նույն օրը խմբակցությունները խոսում են 2002-ի պետական բյուջեից : Արտաշես Գեղամյանն այդ բյուջեն համարում է անհեթեթություն։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 20 օր Հայաստանում չէր, հանգստանում էր Ռուսաստանում:

2001-ի այս օրը նա վերադառնում է այնտեղից եւ անդրադառնում դաշնակցական Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ մեր բանակին ամերիկացիների 4 միլիոն դոլարը պետք չէ։

2010-ի այս օրերին 70-ից ավելի մտավորականներ դատախազությունից պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին։