Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I3253
A A
Պաշտոնական

Կառավարությունը գումար է հատկացրել 109 դպրոցի և 8 մանկապարտեզի

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել շուրջ 109 դպրոցների և 8 մանկապարտեզների շենքային պայմանները բարելավելու և նոր գույքով ապահովելու նպատակով:

Դպրոցների շենքային պայմանների հրատապ խնդիրների լուծում և գույքային հագեցվածություն

2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել  է վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամ գումարի շրջանակում՝ 96 դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ մարզպետարանների կողմից արդեն կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրերը՝ «Գնումների մասին» օրենքին համապատասխան հայտարարված մրցույթի արդյունքում։ Ըստ նախագծի՝ գումարները հատկացվում են կնքված պայմանագրերին համապատասխան։

Վահրամ Դումանյանը նաև փաստել է, որ նախագծով գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 101 դպրոցների՝ գույքի ապահովման նպատակով. «Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծելու մարզպետարանների կողմից գույքագրված դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից, որը խիստ անհրաժեշտ է ուսումնական  բնականոն գործընթացն ապահովելու համար: Մյուս կողմից՝ սա նաև հնարավորություն է այն դպրոցներում, որոնց շենքերն ամրացման կարիք չունեն և բավարար վիճակում են, իրականացնելու անհրաժեշտ վերանորոգման և գույքով համալրման աշխատանքներ՝ այդ դպրոցների միջավայրը համապատասխանեցնելով Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի համար նախատեսված չափանիշներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման խնդրին, իր հերթին նշել է, որ նմանատիպ որոշումները մեծ էներգիա են տալիս. «Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և շարունակում ենք խոշոր ներդրումներ ապահովել նախադպրոցական և հանրակրթության ոլորտներում»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ դպրոցներում և մանկապարտեզներում շինարարարությունը և գույքի համալրումը պետք է տեղի ունենան նոր չափանիշներով և բարձր որակով:

Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ 96 դպրոցի շենքային պայմանները բարելավվում են հետևյալ համամասնությամբ՝ 15-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Արարատի, 13-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Գեղարքունիքի, 17-ը՝ Լոռու, 6-ը՝ Կոտայքի, 21-ը՝ Շիրակի և 11-ը՝ Տավուշի մարզերում:

Հատկացումներն արվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես՝

  • 20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ,
  • 12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ,
  • 33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները և դռները, և կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ,
  • 9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ,
  • 3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ,
  • 19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ:

 

13 դպրոցների գույքի ձեռքբերում

 

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 353 մլն 830.7 հազար դրամ գումարի չափով՝ 13 դպրոց գույքով ապահովելու համար: Այդ դպրոցներն են՝

  • Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց
  • Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց
  • Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց
  • Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց
  • Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց
  • Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
  • Գյումրու Ակադեմիական վարժարան
  • Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց
  • Գետաշենի միջնակարգ դպրոց
  • Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց
  • Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց
  • Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց
  • Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց

 

Նշենք, որ 2018 թվականից ի վեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետական բյուջեից համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար 80 % և 20 % հարաբերակցությամբ) իրականացնում է «Կրթության բարելավում» ծրագիրը։ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրով չի նախատեսվել հիմնանորոգվող դպրոցների համապատասխան գույքով ապահովումը։ Ուստի առաջացել է անհրաժեշտություն պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ ժամանակի և կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան՝ դպրոցական գույքի ձեռքբերման համար։

 

8 մանկապարտեզի գույքի ձեռքբերում

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակում կատարվել է վերաբաշխում՝ 154 մլն 674 հազար դրամի չափով: Վերաբաշխվող գումարն ուղղվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը:

Գույքով կապահովվեն հետևյալ մանկապարտեզները.

  • Արարատի մարզի Դաշտավան համայնքի մանկապարտեզ,
  • Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի մանկապարտեզ,
  • Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի մանկապարտեզ,
  • Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ,
  • Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզ,
  • Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզ,
  • Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզ,
  • Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզ:

Վերոնշյալ աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով և սարքավորումներով:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ