Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իմ Կոմիտասը
A A
Մշակույթ

«Կոմիտաս. Վերջին գիշեր» կտավը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է Սարգիս Մուրադյանի՝ Կոմիտասին նվիրված կտավների և դրանց էսքիզների համահավաք ցուցադրությունը`նշելով նկարչի ծննդյան 95-ամյակը և կարևորելով նրա ավանդը հայ կերպարվեստում։

Սարգիս Մուրադյանը (1927–2007) 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա արվեստը նոր խոսք էր, թարմ շունչ, ազգային ակունքների վերարժևորման փորձ:

Նկարչի ստեղծագործական վաղ շրջանը համընկել է 1950–60-ական թթ. ազգային զարթոնքի հետ, որը նոր լիցքեր է հաղորդել նրան: Այդ տարիներին Մուրադյանն առաջիններից մեկն էր, որ անդրադարձավ հայ ժողովրդի պատմական անցյալին և Մեծ Եղեռնին: Ազգային թեման իր արտացոլումն է գտել Կոմիտասի կերպարի մեջ՝ որպես ամբողջ հայ մտավորականության հավաքական կերպարի: Ավագ սերնդի գեղանկարիչներից շատերն են պատկերել Կոմիտասին, բայց առաջին անգամ Ս. Մուրադյանի «Կոմիտաս. Վերջին գիշեր» (1956) կտավում է մեծ երգահանի անձը դիտարկվում ցեղասպանության համատեքստում: Շրջադարձային այս գործը կարելի է համարել նկարչի ստեղծագործական ճանապարհի մեկնակետ. այն մեծ ճանաչում բերեց նրան, դարձավ խորհրդահայ արվեստի այցեքարտը և Ազգային պատկերասրահի գոհարներից մեկը: Ստեղծագործական ճանապարհի ընթացքում Ս. Մուրադյանը պարբերաբար անդրադարձել է Կոմիտասին («Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը Էջմիածնում», 1957, «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը զրուցում են գյուղացիների հետ», 1957, «Կոմիտաս. 1915 թվական, ապրիլ», 1965, «Անտունի», 1969), այլաբանական և պայմանական մտածողությամբ, գեղանկարչական նոր արտահայտչալեզվով, ամփոփ և ընդհանրացված ձևով պատկերել է նրան, վավերագրել ժամանակի շունչն ու ոգին՝ առանց պատմողականության ու նկարագրողականության, ընդհուպ սումգայիթյան ջարդերը, որի վառ դրսևորումներից է «Հայ մտավորականների գողգոթան» (1975-1988)՝ իբրև ազգային ինքնության պահպանմանն ուղղված քայլ:

Ցուցահանդեսում ներկայացված է նաև վերջերս Պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական նախագծում տեղ գտած «Կոմիտաս. Վերջին գիշեր» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Ցուցահանդեսի համադրողն է Մարգարիտա Խաչատրյանը։ Բացումը տեղի կունենա  նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ին։