Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը շուրջ 100 հոգանոց մեծ կազմով այցելել է Արցախ

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը շուրջ 100 հոգանոց մեծ կազմով՝ 19 համայնքներում ընտրված ավագանու անդամներով և խմբակցությունների ու համայնքների ղեկավարներով կուսակցության առաջնորդների գլխավորությամբ այցելել է Արցախ։

Արցախը եղել է, կա և մնալու է «Ապրելու երկիր» կուսակցության հռչակագրի կարևորագույն կետերից և գործունեության առաջնահերթություններից մեկը, և կուսակցության ամբողջ թիմը շարունակելու է իր ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում։ Կուսակցության թիմի այցն Արցախ հենց այս խորհուրդն ուներ։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր մարզերից ներկայացուցիչներով Արցախ այցելելու նպատակը Հայաստան-Արցախ կապերն ամրապնդելն ու միշտ Արցախցու կողքին լինելու խոստումը վերահաստատելն է։

«Արցախ այցելելու նպատակ վաղուց ունեինք, բայց որոշեցինք գալ ՏԻՄ ընտրություններից հետո՝ վստահ լինելով, որ ավելի մեծ կազմով ենք լինելու։ Եվ այսօր Արցախում ներկայացուցիչներ են ամբողջ Հայաստանից, ինչը ևս խորհրդանշական է, և նաև վերահաստատումն այն բանի, որ մենք բոլորս ենք Արցախի ու արցախցու կողքին։ Համոզված եմ և շարունակում եմ պնդել, որ ամեն հայ պետք է անցնի այս ճանապարհը, ու ամեն հայ հատկապես այսօր պետք է գա Արցախ, տեսնի Արցախը ներսից ու համոզվի, որ Արցախն է մեզ հզորացնում և ուժ տալիս, ոչ թե՝ հակառակը»,-նշել է Մանե Թանդիլյանը։

Արցախ այցի ընթացքում «Ապրելու երկրի» թիմը հանդիպել է պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և քննարկել Արցախի զարգացման հեռանկարներն ու կուսակցության ներգրավվածությունն այդ հարցերում։ Կուսակցության անդամները եղել են նաև Ամարասում և Գանձասարում։

«Մենք իրավունք չունենք պարտված զգալ։ Արցախը բոլորի համար է կարևոր, Գանձասարն ու Ամարասը միայն արցախցունը չեն. բոլորինս են։ Պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ Արցախն է մեր հիմքն ու հիմնասյունը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

«Արցախի մասին խոսում ենք ամեն օր, բայց գալ այստեղ ու տեղում տեսնել՝ ինչ է կատարվում, այստեղ, հենց այստեղ զրուցել Արցախի ու մեր անելիքների մասին՝ դա խոստում տալու նման է։ Եվ ես վստահ եմ, որ այս այցից հետո մենք միանգամայն այլ հայացք ու մոտեցումներ ենք ունենալու՝ ավելի գործնական ու առարկայական, որպեսզի Արցախը մնա հայկական։ Ու մենք դրա համար ոչինչ չենք խնայում»,- ասել է Մանե Թանդիլյանը։