Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՕՖ-ը Սիսիանի 4 դպրոցներում ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներ է հիմնել  

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Սիսիան համայնքի թիվ 1 և թիվ 4 հիմնական դպրոցներում երեկ տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հիմնած քիմիայի ու ֆիզիկայի լաբորատորիաների բացման պաշտոնական արարողությունը, որն իրենց երգ ու պարով, բեմական ներկայացումով ու առարկայական տպավորիչ փորձերով ջերմացրել են դպրոցների աշակերտները։

Լաբորատորիների հիմնումը, ինչպես նաև դպրոցների մասնակի վերանորոգումն ու վերազինումը իրականացվել են ՀՕՖ-ի «Սիսիանի տարածաշրջանում Արցախից տեղահանվածներին աջակցություն» ծրագրի շրջանակներում։ 2021-ին մեկնարկած ծրագիրն աջակցում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում ապաստանած արցախյան երկրորդ պատերազմից տուժածներին նոր բնակարաններով ու հումանիտար նախաձեռնություններով, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական ակտիվացմանը՝ այդ թվում ներդրումներ անելով այսօր երեխաների ապագայի համար:

Ուսումնական տարվան ընդառաջ Սիսիանի տարածաշրջանի 4  դպրոցների ֆիզիկա դասավանդող բոլոր ուսուցիչները ՀՕՖ-ի միջոցներով նաև մասնակցել են թեմատիկ դասընթացներին՝ լաբորատորայի նոր սարքավորումներին ու նյութերին ծանոթանալու ու հմտությունները աշակերտներին փոխանցելու նպատակով։ Նրանք նաև ստացել են մեթոդական ձեռնարկներ՝  այդ սարքավորումները հավուր պատշաճի կիրառելու համար։

«Շատ եմ սիրում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաները։ Այն ժամանակ, երբ լաբորատորիան չկար, մենք ավելի շատ ուշադրություն էինք դարձնում դասերի տեսական մասի վրա, իսկ հիմա՝ փորձերի հիման վրա ավելի ընկալելի է դառնում դասը, այսինքն՝ փորձերն անելով ու հիշելով՝ մենք կարողանում ենք նաև ռեակցիաները ու բանաձևերեը սովորել։ Շնորհակալ եմ, որ մեզ համար ստեղծել եք շատ գեղեցիկ դասասենյակ՝ լուսավոր, ջերմ, ու մոտիվացիա եք առաջացնում, որպեսզի ավելի փութաջան սովորենք», - ասել է Մարի Ասրյանը՝ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհին։

Նույն դպրոցի քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բարսամյանը, որն ավելի քան 36 տարի աշխատում է դպրոցում, շեշտել է, որ աշակերտների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ ավելի է բարձրացել, ու հույս հայտնում, որ բնագիտական առարկաների օլիմպիադաներում կբազմապատկվեն հաղթողները։ «Նախկինում մենք շատ սակավաթիվ փորձեր էինք անում, փորձերը յութուբով էինք նայում, սահմանափակվում էինք դասագրքում եղած փորձերի նկարագրություններով։ Հիմա չկա դաս, որ առանց փորձի անցկացնենք, ու երեխաներն էլ մեծ հետաքրքրությամբ են մասնակցում»։

«Մեր նպատակը բնագիտական առարկաների նկատմամբ երեխաների ուշադրությունն ու վերաբերմունքը փոխելն է, քանի որ հիմա, առավել քան երբևէ, այս առարկաները շատ կարևոր են։

 

 

Վերջին ժամանակշրջանում ականատեսն էինք մարդության ու երկիր մոլորակի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես՝ COVID-19-ը, որի դեմ պայքարում լծվել էին գերպետությունների ամենազարգացած լաբորատորիները, որպեսզի կարողանային դեղը գտնել։ Ակնհայտ է, որ դեղագիտության մեջ, եթե մարդը քիմիա չիմանա, չի կարողանա դեղ ստեղծել։ Եվ սա ապացուցում է, որ արդի ժամանակաշրջանում շատ սուր է այս մասնագիտությունների ու մասնագետների կարիքը։ Հորդորում եմ մեր աշակերտներին, որ հումանիտար ուղղություններից զատ ուժերը փորձեն ու ավելի ակտիվանան նաև բնագիտական ուղղություններով, իսկ ՀՕՖ-ը կանի առավելագույնը՝ բուհ ընդունվածներին կրթավճարային ծրագրերով աջակցելու համար», - ողջույնի իր խոսքում նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։ 

 

***

«Սիսիանի տարածաշրջանում Արցախից տեղահանվածներին աջակցություն» ծրագրի շրջանակներում նախկինում տարածաշրջանի տեղահանված և տեղաբնակ ավելի քան 200 դպրոցականներ ստացել են դպրոցական հագուստ ու պարագաներ՝ այդ թվում պայուսակներ, գրենական պիտույքներ, պլանշետներ, մասնակցել են արտադասարանական խմբակներին, ստացել են մասնագիտական կրթություն, սովորել են արհեստներ, իսկ շրջանավարտները արժանացել են ՀՕՖ-ի կրթավճարներին՝ բուհերում ակադեմիական կրթությունը շարունակելու համար։