Բացել լրահոսը Փակել լրահոսը
171122Pargevatrum (1)
A A
Պաշտոնական

Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու արժանացել են «Արցախի հերոս» կոչմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ  ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար  N  զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին և 3-րդ հրաձգային ջոկի ՊԿ-գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը:

Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը հանդիպել է Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի հարազատների հետ ու  հանձնել նրանց «Ոսկե արծիվ» շքանշանները:

            Արարողությանը ներկա էին հերոսների հարազատները, մարտական ընկերները, Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ հայրենասեր ու անձնուրաց որդիներ դաստիարակելու համար՝ նշելով, որ իրենց վստահված դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:

«Արցախը մեր սրբավայրն է, մեզ համար Արցախի հարատևությունն այլընտրանք չունի, քանզի դարեր ի վեր ու մինչ օրս Արցախը եղել ու մնում է հայի արժանապատվությունը»,- իր խոսքում նշել է Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։

«Մալա Էզիդա» եզդիների ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը մեծ կարևորություն է տվել օրվա իրադարձությանը, նշել, որ Քյարամն ազգությամբ եզդի առաջին մարտիկն է, ով արժանանում է Արցախի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ Արցախի հերոսի կոչմանն, ու այս իրադարձությունը հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, մարտական եղբայրության հերթական հավաստիացումն է։