Բացել լրահոսը Փակել լրահոսը
hqdefault
A A
Մշակույթ

15-րդ դարի գորգեր կցուցադրվեն

Նոյեմբերի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է լինելու Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։

Հավաքածուի մեջ ներառված վաղ շրջանի օրինակներից են 15-րդ, 16-րդ՝ Վասպուրականում, Արցախում, Սյունիքում, Գանձակում, 17-րդ՝ Բայազետում, Վանում, 18-րդ՝ Արցախում, Սյունիքում, Վասպուրականում, Արաբկիրում հյուսված և 19-րդ և 20-րդ դարերով թվագրվող գորգերի մի քանի տասնյակ օրինակներ։  Առանձին խումբ են կազմում արձանագիր օրինակները։ Հայաստանի պատմության թանգարանի ընտրանիում հիշատակագրությամբ ամենավաղ գորգերը հյուսվել են Վասպուրականում և Կարինում (18-րդ դար), մյուսները թվագրված են 19-րդ դարի առաջին կեսից մինչև  20-րդ դարի սկիզբը ընկած ժամանակահատվածով։ 

Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։ Այս մասին հայտնում են թանգարանից։