Երևանում բացվել է Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր բացվել է Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես։ Այն կազմակերպել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիան։
Ցուցահանդեսը նվիրված է «Ֆիլանում»-ի՝ ֆիլատելիստների և նումիզմատների միության 100-ամյակին: Այդ նպատակով այսօր մարվեց հատուկ նամականիշ և ծրար։ Փակման օրը կմարվի նաև բացիկ։
Ցուցահանդեսը կգործի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, նոյեմբերի 14-18-ը։ Մասնակցում են 25 ֆիլատելիստ, այդ թվում «Ա1+»-ի լրագրողը:
Մեկ նոր նամականիշ` նվիրված ««Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային
Նոր նամականիշ
2022 թվականի նոյեմբերի 14-ին Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ» ՓԲԸ-ն կփոխանցի Ֆիլատելիստների հայկական ասոցիացիային:
Նամականիշի վրա պատկերված են խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, ինչպես նաև՝ «100 ԱՄՅԱԿ», «ՖԻԼԱՆՈՒՄ» և «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Տպաքանակը՝ 15 000 h.