Բացել լրահոսը Փակել լրահոսը
քարաբերդ հանք
A A
Հասարակություն

Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու ծրագրի վերաբերյալ հայտարարություն

«ԷկոԼուր» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու ծրագրի վերաբերյալ․

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն նամակով դիմել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու և լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու ծրագրի վերաբերյալ:

Նամակի մեջ ասված է.

««ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն հայտարարել էր 2022թ. նոյեմբերի 4-ին ոսկու արդյունահանումն ընդլայնելու ծրագրի վերաբերյալ

Փամբակում հանրային լսումներ անցկացնելու մասին, սակայն տեղի բնակիչները դեմ արտահայտվեցին և թույլ չտվեցին լսումներ անցկացնել՝ կազմելով համապատասխան արձանագրություն։

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր է ընդլայնել ոսկու արդյունահանումը Քարաբերդի ոսկու հանքավայրում և լեռնահարստացուցիչ գործարան կառուցել։ Ընկերությունը վստահեցնում է, որ մտադիր է օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ հիմք ընդունելով հումքի հարստացման չինական տեխնոլոգիաները։ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքավայրն ընդհատումներով շահագործում է 2012 թվականից։ Միևնույն ժամանակ ընկերությունը տարածքների վերականգնման միջոցառումներ չի իրականացնում։ Ավիրված տարածքների փոշին աղտոտում է մշակաբույսերը, արոտավայրերն ու մարգագետինները, ինչը տնտեսական և բնապահպանական վնաս է հասցնում տեղի բնակիչներին, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և գյուղատնտեսական այլ գործունեությամբ։