Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՅՈՒՆԻՍԵՖ
A A
Հասարակություն

Ծնողի այբուբենը հասանելի կլինի անվճար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ««Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մշակել են գիտակցված և դրական ծնողավարության առաջին հայալեզու համալիր կրթական ծրագիրը, որը անվճար հիմունքներով հասանելի կլինի առցանց դասընթացի ձևաչափով և կհասնի գրեթե 10․000 հայ ծնողի:

 «Ծնողները և խնամակալները գալիք սերնդի գլխավոր ճարտարապետներն են: Նրանք են, որ երեխաների ուղեղի զարգացման համար նպաստող փորձ ու փորձառություն են փոխանցում ու ճանապարհ հարթում հետագա առողջ զարգացման ու պատանեկության համար: Միևնույն ժամանակ, ծնողավարությունը չափազանց բարդ աշխատանք է, որպեսզի ծնողներն ու խնամակալները անեն այն միայնակ: Այս դասընթացի և այլ ծրագրերի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձգտում է Հայաստանում վստահելի գործընկեր դառնալ ծնողների և խնամակալների համար և աջակցել նրանց իրենց ամենանշանակալի՝ երեխաներին մեծացնելու գործում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

 «Ծնող լինելը լավագույն դերերից մեկն է, որ մարդը կարող է ստանձնել կյանքի ընթացքում։ Ի սկզբանե պետք է հասկանալ, որ ծնողավարությունը չի կարող զերծ լինել անհանգստություններից և սթրեսներից ու այդ ճանապարհին շատ կարևոր է պահել հավասարակշռությունը։ Հատկապես դեռահասության տարիքում երեխաներ ունեցող ծնողներն այսօր ստիպված են հաղթահարել մի շարք խոչընդոտներ՝ կապված տեխնոլոգիական զարգացման, վնասակար սննդի օգտագործման, տարբեր հայացքներ ունենալու և այլնի հետ։ Ուստի մեծագույն մարտահրավեր է պահպանել էմոցիոնալ կապը երեխայի հետ՝ չզրկելով երեխային իր ինքնուրույնությունից», - նշել է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

 Ուսումնական այս ծրագրի նպատակն է՝ իրազեկել ծնողներին գիտակից և ստեղծագործ ծնողավարման ամենաարդիական և կարևոր թեմաների մասին՝ զարգացնելով ծնողավարման նրանց կարողությունները, ապահովելով ծնող-երեխա փոխվստահությունն ու երեխայի զարգացման համար առողջ և ապահով միջավայրի ստեղծումը ընտանիքում՝ նվազեցնելով հոգեբանական և ֆիզիկական ճնշումը երեխաների վրա, նպաստելով երեխաների ընդհանուր բարեկեցությանը:

 «Որքան էլ ծնողները կարևորում են գիտակցված մոտեցումները, դրական մեթոդները ծնողավարության իրենց առօրյա առաքելության մեջ, միշտ չի, որ նրանց հասանելի են հոգեբաններ և այլ մասնագետներ, որոնք կօգնեն, հուշումներ կտան, կիրառելի գործիքներ կտրամադրեն, որ ծնողը վերցնի և սկսի կիրառել երեխայի հետ փոխհարաբերություններում։ Մեր նոր հարթակը՝ aybuben.parenting.am, մատչելի, հասկանալի և հաճելի տեսադասերի միջոցով խոսում է ծնողի հետ, բացում փակագծեր նրա ամեն խոսքի, արարքի, անգան ձայնի տոնի հետևում թաքնված բոլոր դրական ու բացասական հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Մեր նպատակն է՝ օգնել ծնողին հաճույք ստանալ ծնողավարությունից, լինել երջանիկ ծնող և մեծացնել երջանիկ երեխաների», - ասում է Ծնողի դպրոցի հիմնադիր Աննա Վելիցյանը։

 Ծնողավարության առցանց ծրագիրը մշակվել է Ծնողի դպրոցի հոգեբան մասնագետների՝ Լուսինե Աղաբեկյանի, Արմինե Վարդանյանի և Տաթևիկ Աբրահամյանի կողմից և հասանելի է aybuben.parenting.am կայքէջի միջոցով:

 Ուսումնական ծրագիրը բաղկացած է վեց թեմաներից, այդ թվում՝ ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցում, կարգապահություն, սահմանափակումներ և պատիժ, արդյունավետ խրախուսանք, որակյալ ժամանակ երեխայի հետ, ինչպես նաև երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները: Յուրաքանչյուր թեմա ունի իր սահմանված նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կից տեսանյութերի, լրացուցիչ ընթերցանության և գործնական առաջադրանքների շարք: Ամեն թեմա ունի նաև իր ամփոփաթերթը, որի միջոցով ծնողները հետագայում կկարողանան հեշտությամբ վերհիշել անցած գիտելիքները ու հետևել, թե ինչպես են կիրառում մասնագետների փոխանցած հմտություններն ու մեթոդները: