«Մեր նպատակը գումարներ աշխատելը չէր»
1992 թվականին, երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը սկսեց անցկացնել ֆուտբոլի անկախ առաջնություն, մասնակիցների քանակը տարեց տարի սկսեց նվազել, քանի որ ակումբները չէին կարողանում ֆինանսական միջոցներ հայթայթել:
Նմանատիպ խնդիրների առջեւ էր կանգնել անգամ մեր ուժեղագույն թիմը` Երեւանի «Արարատը»: Սակայն ակումբի ղեկավարության ճիշտ քաղաքականության արդյունքում հայկական ֆուտբոլի դրոշակակիրը պատվով հաղթահարեց մութ ու ցուրտ տարիների բոլոր դժվարությունները: Դրանում առաջին հերթին մեծ է եղել ակումբի այն տարիների նախագահ Դմիտրի Մարտիրոսյանի դերակատարությունը:
«Մենք մի քանի համախոհներով ստեղծեցինք «Արարատ» ակումբի պատվավոր անդամների խումբ, որը ֆինանսավորում էր թիմի բոլոր ծախսերը: Մեր նպատակը ֆուտբոլի միջոցով գումարներ աշխատելը չէր, այլ այդ սուրբ անունը կրող թիմի պատիվը բարձր պահելը» - հիշում է նախկին նախագահը, ով այսօր դարձավ 54 տարեկան:
Դմիտրի Մարտիրոսյանը կարծում է, որ իրեն հաջողվեց «Արարատը» վերածել պրոֆեսիոնալ ակումբի, սակայն չհաջողվեց այն հանձնել ավելի վստահելի մարդկանց ձեռքը: «1997 թ ես աշխատանքի անցա ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որի պատճառով ստիպված հրաժարվեցի ակումբի նախագահի պաշտոնից: Չնայած աշխատանքի պատճառով շատ քիչ ժամանակ եմ ունենում, սակայն միշտ էլ հետաքրքրվել եմ ակումբի գործերով եւ նրա կողքին եմ եղել»:
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, այժմ Հայաստանի վետերան ֆուտբոլիստների ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Պողոսյանը, բնութագրելով Դմիտրի Մարտիրոսյանին ընդամենը մեկ բառ ասաց. «Խելացի ղեկավար էր»: Իսկ ահա սպորտային մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, ով այն տարիներին լուսաբանել է «Արարատի» մասնակցությամբ խաղերը եւ հաճախ է շփվել ակումբի ղեկավարների հետ, համարում է, որ նա անկախ Հայաստանի ֆուտբոլի նորաձեւությունների օրենսդիրն է:
Հավելենք, որ Դմիտրի Մարտիրոսյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար» պատվո կրծքանշանով եւ «Վազգեն Սարգսյան» մեդալով: