Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսով Երևանում մեկնարկեց Հայ-բրիտանական համաժողովը (տեսանյութ)

Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսով Երևանում մեկնարկեց Հայ-բրիտանական համաժողովը։

Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գիրքը լույս է տեսել «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի խոսքով, գիրքը օտարերկրացու աչքերով է գրված և զերծ է որոշակի կարծրատիպերից ու պարունակում է տեղեկություններ, որոնք ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ գտնել պատմագիտական աղբյուրներում:

Գրքի հեղինակը՝ Օլիվեր Բոլդուինը Մեծ Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին է, ով Ալեքսանդր Խատիսյանի հրավերով Հայաստան է եկել 1920 թվականի աշնանը և որպես փոխգնդապետ ծառայության է անցել հայկական բանակում։ 1920-ի հայ-թուրքական պատերազմի, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման ու 1921-ի Փետրվարյան ապստամբության ականատեսն է եղել։ Այդ ընթացքում բանտարկվել է Երևանի բանտում, Փետրվարյան ապստամբությունից հետո՝ բանտարկվել է Թուրքիայում: Եվ այս ամենի մասին Բոլդուինը գրել ու հրատարակել է գիրք, որը հայ ընթերցողին հասավ միայն 100 տարի անց։

Ինչ վերաբերում է համաժողովի նպատակին, Արման Բարսեղյանը ընդգծեց, որ ցանկանում են հայկական ու բրիտանական կողմերի գիտական զեկույցների միջոցով ներկայացնել երկու երկրներին առնչվող իրադարձություններին վերաբերող ուսումնասիրություններ:

Ուղիղ կապով միջոցառմանը միացավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Իր խոսքում, նա ընդգծեց, որ պատմության համակողմանի ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն անցյալը ընկալելու, այլ դասեր քաղելու և ապագա հարաբերությունները ճիշտ կառուցելու համար:

Միջոցառմանը ներկա Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս տարիների ընթացքում երկու երկրները զարգացրել են հարաբերություններ՝ հենվելով այն արժեքների վրա, որոնք ունեն երկու ժողովուրդներն էլ, և հույս հայտնեց, որ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն, ինչում ինքը ևս դերակատարություն կարող է ունենալ:

«Մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին ժողովրդավարական հարաբերությունները զարգացնելու, տնտեսական աճն ու երկրի կայունությունը ապահովելու ճանապարհին»,-ասաց դեսպանը:

Նշենք, որ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի թարգմանիչը Լեոնիդ Զիլֆուգարյանն է, խմբագիրը՝ Լեռնիկ Դալլաքյանը, իսկ գրքի նախաբանի հեղինակը՝ պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է։