Նեյմարը` քաղաքական սկանդալի կենտրոնում․ հավաքականի մարզիչը մտահոգված է
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի հավաքականի և Փարիզի «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում։
Ինչպես նշում են բրազիլական լրատվամիջոցները, ֆուտբոլիստը երկրի նախագահական ընտրություններից առաջ իր անձնական սոցէջում, որն ունի մոտ 180 մլն հետևորդ, գրել է, որ աշխարհի առաջնությունում խփած իր առաջին գոլը նվիրելու է նախագահ Ժաիր Բոլսոնարոյին։ Սակայն, նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր ուժերի թեկնածու Լուլա դա Սիլվան։
«Նեյմարն իրավունք ունի նախագահ ընտրելու նրան, ում ցանկանում է: Կարծում եմ, նա վախենում է, որ իմ հաղթելու դեպքում ես կիմանամ, թե ինչու է Բոլսոնարոն նրան ազատել հարկային պարտավորություններից»,- օրեր առաջ ասել է Լուլա Դա Սիլվան՝ հավելելով, որ իր մրցակիցն, ըստ ամենայնի, գործարքի մեջ է մտել ֆուտբոլիստի հոր և գործակալի հետ։
Նորընտիր նախագահի համակիրներն ընտրությունից հետո անմիջապես հիշեցրել են Նեյմարին, որ նա պետք է վճարի պետական բոլոր հարկերը, որոնք չի արել Բոլսոնարոյի օրոք։
Ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեին։ Նա կարծում է, որ թիմի շուրջ ստեղծված քաղաքական աժիոտաժը կարող է ազդել ելույթների վրա։
«Իմ կարծիքը չի փոխվել: Ես Բրազիլիայի հավաքականին ընդունում եմ որպես մեր ընդհանուր մշակութային և սպորտային ժառանգության մաս: Դա այնքան վեհ բան է, որը վեր է ամեն ինչից: Ես չեմ պատրաստվում հանդիպել ոչ մի նախագահի հետ, ոչ աշխարհի առաջնությունից առաջ, ոչ էլ ՝ հետո», - ասել է Տիտեն։
Նշենք, որ Բրազիլիայի հավաքական Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում իր առաջին հանդիպումն անցկացնելու է նոյեմբերի 24-ին, Սերբիայի ընտրանու դեմ։