Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Դեռ Սոկրատի ժամանակ էին ասում․ «Ա՜խ, այս սերունդը»․ պրեմիերա (տեսանյութ)

Բոլոր ժամանակներում արդիականությունը չկորցրած՝ սերունդների բախման հավերժ թեման Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

Նոյեմբերի 5-ին և 6-ին սպասվում է պրեմիերա՝ Լյուդմիլա Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» պիեսը՝ Շուշան Ղազարյանի բեմադրությամբ։

«Գաղափարը իմն էր,- ասում է բեմադրիչը- Այս գործը, կարելի է ասել՝ միշտ «հետապնդել» է ինձ։ Երիտասարդ տարիքում ցանկանում էի Լյալյա խաղալ, ավելի հասուն տարիքում՝ Ելենա Սերգեևնա, իսկ հիմա բեմադրում եմ։ Բոլոր ժամանակներում էլ եղել է արտահայտությունը՝ ախ, այս սերունդը։ Եվ մայրս է ասել, և ես, հիմա էլ աղջիկս է ասում»։

Նրա խոսքով, ցանկանում էր, որ հենց իրենց թատրոնում բեմադրվի, քանի որ պիեսը պատանիների մասին է, նրանց արժեհամակարգի։

Երբ դիմեց տնօրինությանը, համաձայնեցին՝ պայմանով, որ վերջնական պատասխանը գեղխորհուրդը տա՝ դիտելուց հետո։

«Նայեցին, հավանեցին ու տվեցին համաձայնություն, որ ներկայացումը մտնի խաղացանկ։ Թիմը հենց սկզբից ոգևորված էր աշխատում, անգամ, երբ դեռ վստահ չէր, թե ինչ ճակատագրի կարժանանա ներկայացումը գեղխորհրդի կողմից»,- նշում է Շուշան Ղազարյանը։

Գլխավոր հերոսուհու դերը մարմնավորած Նառա Սարգսյանն իրեն կյանքում էլ մի քիչ Ելենա Սերգեևնա է զգում, քանի որ դասավանդում է քոլեջում։

«Յուրաքանչյուր սերունդ, իհարկե, ուրիշ է, բայց բարոյական արժեքները անփոփոխ են»,- ասում է նա։

Դերասան Սեյրան Մովսիսյանը մինչ դերը ստանալը ծանոթ չէր պիեսին, ֆիլմն էլ չէր դիտել․

«Բացահայտում էր ինձ համար թե հեղինակը, թե պիեսը։ Իմացա, որ ֆիլմ կա, սակայն իմ սկզբունքն է չնայել, որ չփորձեմ «ազդվել», որ այլ դերասանի խաղը ինձ վրա ներգործություն չունենա։ Ինչ վերաբերում է պիեսին, ապա ֆանտաստիկ գործ է»։

Մանրամասները՝ տեսանյութում