Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport
A A
Սպորտ

Սպորտում պետք է կանխել կոռուպցիոն երևույթները․Կարեն Գիլոյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կայացել է «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով  քննարկում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նա նշել է, որ սպորտային մարզիչները 2023թ. ապրիլի 1-ից նույնպես կարող են կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի հավելում ունենալ:

Քննարկմանը մասնակցած ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանձնաժողովի նախագահին մանրամասը ներկայացրել է ոլորտի հիմնախնդիրները, որոնց լուծման առնչությամբ կարևոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները: Կարեն Գիլոյանը առաջարկել է մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը նաև կկանխի կոռուպցիոն երևույթները: Մարզաձևերի զարգացման ուղղությամբ կարևորվել է հարկային արտոնություն տրամադրելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է աշխարհի շատ երկրներում:

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներն ընդգծելով խնդրի կարևորությունը, առաջարկել են օրենսդրական փոփոխություն կատարել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգում՝ աշխատավարձ սահմանելով բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների համար, ինչպես նաև պետական ֆինանսավորում հատկացնել մարզական ակումբներին:

Մարզաձևերի զարգացումն ապահովելու, մարզական ակումբների կենսապայմանները բարելավելու նպատակով առաջարկվել է քաղաքային համայնքների բյուջեներից ևս գումարներ հատկացնել սպորտի զարգացմանը: