Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք. ԳՇ պետ (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արևելյան և հարավ-արևելյան սահմանագոտում հարաբերական կայուն է: Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան ուղղությամբ՝ Կուտական և Կախակնի, Սոթքի հատվածներում, իսկ Վայոց Ձորում՝ Ջերմուկի հատվածներում: Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները լինում են նպատակային, որով հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը, քանի որ մեծածավալ աշխատանքներ են նախաձեռնել՝ ամրացնում ենք զբաղեցրած բնագծերը, դիրքերը: Հակառակորդի կողմից լինում է նաև եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ անկանոն կրակոցների արձակում»-,- ասաց Ասրյանը:

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ  տարածք, եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև Հայաստանի տարածքի խորքերը:

«Եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 քկմ և մի փոքր ավել: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,- ասաց Ասրյանը:

ԳՇ պետը նշեց, որ կախված հաշվարկման մեթոդաբանությունից ՝ օկուպացված տարածքի չափերը կարող են փոխվել, սակայն Պաշտպանության նախարարության հաշվարկները ցույց են տալիս օկուպացված տարածքի հենց այդպիսի չափերը։