Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը
Փետրվարի 22-ից մինչեւ մարտի 5-ը Դոհայում (Քաթար) տեղի կունենա ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի վերջին` 6-րդ փուլը:
Մրցաշարին կմասնակցեն 12 շախմատիստուհիներ, այդ թվում մեր երկու առաջատար գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2454 գործակից) եւ Լիլիթ Մկրտչյանը (2475): Նրանց մրցակիցները կլինեն Հումպի Կոներուն (Հնդկաստան, 2607), Նանա Ձագնիձեն (Վրաստան, 2550), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա, 2546), Պիա Կրամլինգը (Շվեդիա, 2516), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան, 2505), Մարի Սեբագը (Հունգարիա, 2489), Սյու Յուհուան (Չինաստան, 2484), Շեն Յանը (Չինաստան, 2443), Բաթյույագ Մունգուլթունը (Մոնղոլիա, 2410) եւ Մարթա Ֆիերոն (Էկվադոր):
Հարկ է նշել, որ գրան-պրիի հաղթողն արդեն հայտնի է: Դա աշխարհի չեմպիոնուհի, չինուհի Հու Իֆանն է, որը վաստակած միավորներով անհասանելի է երկրորդ տեղում գտնվող Նանի Ձագնիձեի համար: Վերջինս Հումպի Կոներուի հետ կպայքարի 2-րդ տեղի համար, որը իրավունք է տալիս մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին:
Չորս մասնակից
Վաղը Իրանի Ռուշտ քաղաքում կմեկնարկի «Խազարի գավաթ» անվանումը կրող շախմատի թվով 9-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի 4 շախմատիստներ` գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արթուր Չիբուխչյանը, Գեւորգ Հարությունյանը եւ միջազգային վարպետ Արման Հայրապետյանը:
Նրանք հանդես կգան ուժեղագույնների մրցաշարում, որը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 22-ին: