Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի աշխարհի Մ-23-ի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։
Այդպիսով, Հայաստանի մարզիկը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի Մ-23-ի չեմպիոն: Նախորդ անգամ նա այդ տիտղոսին արժանացել էր 2021 թվականին, Բելգրադում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, մոտ էր բրոնզե մեդալը նվաճելուն, սակայն վճռորոշ գոտեմարտում 5։7 հաշվով զիջել է մոլդովացի Վասիլ Դիակոնին։
Այդպիսով, Հայաստանի ազատ ոճայինները Իսպանիայից կվերադառնան 3 մեդալով: Մինչ Արսեն Հարությունյանի հաղթանակը առաջնությունում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Վազգեն Թևանյանը (57 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: