Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը հրաժեշտի նամակ է ուղղել Հայաստանին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր թվիթերյան էջում հրաժեշտի նամակ է ուղղել Հայաստանին:

Իսպանացի մասնագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, աշխատակիցներին, հավաքականի ֆուտբոլիստներին, հատկապես երկրպագուներին իրեն վստահելու և աջակցելու համար:

«Մեծ պատիվ էր լինել Հայաստանի հավաքականի մարզիչը: Առանձնահատուկ կերպով շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին մեզ ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում զգացել ենք այս երկրի և ազգային հավաքականի մեծությունը: Շատ հպարտ եմ միասին ապրած հիանալի պահերի համար ու երբեք չեմ դադարի մտածել, թե որքան բախտավոր եմ եղել, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այս թիմում: Ամենայն բարին և լավն եմ ցանկանում այդ երկրին», - գրել է Խոակին Կապառոսը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր իսպանացի մասնագետի հետ և քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել չշարունակել հետագա համագործակցությունը։

Այդպիսով, Խոակին Կապառոսը հավաքականում աշխատել է ուղիղ երեք տարի: Այդ ընթացքում մեր ազգային թիմն անցկացրել է 26 հանդիպում, որոնցում տարել է 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու 6 խաղ ավարտել ոչ-ոքի: