Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 29-ը սեպտեմբերի․ Շևարդնաձեն այցելում է Դեմիրճյանին (տեսանյութ)

Իր հռչակավոր ասուլիսով Լեւոն Տեր-Պետրոսյանն ահաբեկել է ժողովրդին՝ ասելով, որ լավ չեք ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել,-1997-ի սեպտեմբերի 29-ին ասում է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը։ Այդ հայտարարությունը, ըստ ընդդիմադիր գործչի, խեղճացնում է մեր բանակը։ Հետեւաբար Տեր-Պետրոսյանը պետք է հրաժարական տա։

1998-ի այս օրը կոմկուսն ու լիբերալ ազատական դեմոկրատները Ազգային Ժողովում պահանջում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ կառավարության հրաժարականը։ «Հայրենիք» պատգամավորական խումբը հրաժարական չի պահանջում, բայց վարչապետ թող դառնան կամ Կարեն Դեմիրճյանը, կամ Վազգեն Մանուկյանը, կամ էլ Սերգեյ Բադալյանը։

6 ամիս ընթացող «Գիսանե» մրցույթ փառատոնում տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ 2 հազար հարցաթերթիկ է բաժանվել տարվա մարդուն որոշելու համար։ Մարզերի բնակիչներն արհամարհել են այս հարցումը։

1998-ի սեպտեմբերի 29-ին Հայրիկյանը հիշում է, որ կոմունիստները խլել են իր կյանքի 17 տարին։ Կոմունիստները հակադարձում են՝ 17 տարին քեզ քիչ էր։ Մյուսներին այս լեզվակռիվը զվարճացնում էր։ Նույն օրը ալավերդցիները պահանջում են իրենց քաղաքապետի հրաժարականը, որը նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր է։ Քաղաքում սով է, ժողովուրդը քաղաքապետի ներկայությունը չի զգում։ Քաղաքի ավագանին հրաժարականի այս պահանջն ուղարկում է կառավարություն, որտեղից այն մերժում են անմիջապես։ Քաղաքապետ Լալայանն այս օրերին Երեւանի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունքում է։ Բժիշկները տարակուսում են՝ ի՞նչ է պատահել այս մարդուն, որ պառկել է։

1999-ի սեպտեմբերի 29-ին Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն։ Վերջինս մեծ կարեւորություն է տալիս այս այցին։ Նրան այստեղ կշնորհվի Հայաստանի պատվավոր քաղաքացու կարգավիճակ։ Շեւարդնաձեն այցելում է Ազգային Ժողով հանդիպելու իր վաղեմի բարեկամ Կարեն Դեմիրճյանին։ Դեմիրճյանը նրան ընդունում է նույն շենքում, բայց որպես խորհրդարանի ղեկավար։ Շեւարդնաձեն իր ընկերոջը մաղթում է դիմացկունություն։ Երկուսին էլ հետաքրքիր է՝ ե՞րբ է իրենց միանալու նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը։

Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ Հրայր Թովմասյանը 1999-ի այս օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարզաբանում է իր համահեղինակությամբ ընդուված Ընտրական օրենսգրքի փակագծերը։ Մասնավորապես ովքե՞ր կարող են ընտրվել համայնքի ղեկավար։ Առաջնեկին ունենալուց հետո երգչուհի Շուշան Պետրոսյանը մտքափոխվել է՝ 4 երեխայի փոխարեն կունենա 5-ը։ Առաջիկայում նա կրկին մտադիր է սիրահարվել ամուսնուն։ Երգչուհին հավաքված կանանց ավելի ու ավելի է դուր գալիս։ Նրանց նա խորհուրդ է տալիս կին մնալ, բայց լվացքն անել ոչ թե ձեռքով, այլ ավտոմատ լվացքի մեքենայով։ Վերջ բարդույթներին,-հայտարարում է նա:

1999-ի այս օրերին Հայ առաքելական եկեղեցու 6 արքեպիսկոպոս հայտարարություն էին ընդունել, որում դժգոհել էին մեկ ամիս հետո տեղի ունեցող կաթողիկոսական ընտրություններին Հայաստանի աշխարհիկ իշխանությունների մեկ անձի օգտին տարվող ջանքերի դեմ։ Կաթողիկոսի թեկնածու Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը գիտի, որ խոսքն իր մասին է:

«Գրանտ Տոբակո» ընկերության տնօրեն Հրանտ Վարդանյանը 1999-ի այս օրը գրեթե անպտուղ է համարում վարչապետ Վազգեն Սարգսյանի այն համոզմունքը, որ երեք ամիս առաջ թանկացած ծխախոտի հաստատագրված հարկի բարձրացումից կրկնակի կավելանան բյուջեի մուտքերը այս ոլորտում։ Բյուջեի մուտքերն ավելացել են ընդամենը 20 տոկոսով,-հակադարձում է պարոն Վարդանյանը։ Ծխախոտի սպառման ծավալները կրճատվել են։

2000 թվականի այս օրերին խորհրդարանում դեռ քաղաքական ճգնաժամ է։ Այնտեղ մեկ քաղաքական ուժի կայուն մեծամասնություն չկա, մինչդեռ կառավարությունը որեւէ խնդիր չի տեսնում։ Հայաստանի կենդանաբանական այգում մեկ ամիս առաջ տեղի էր ունեցել բացառիկ իրադարձություն՝ մայր առյուծը ծննդաբերել է միանգամից 5 կորյուն։ Մեղմ բնավորությամբ Դանա առյուծ-մայրիկը դարձել է ագրեսիվ, այգու աշխատակիցներին մոտ չի թողնում իր ձագուկներին, ոչ ոք չգիտի, թե ծնվածներն ինչ սեռի են։

2006-ի սեպտեմբերի 29-ին «Իրավունք» թերթի ղեկավարը հայտարարում է , որ ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը թերթի խմբագրության հաշվապահությունից հափշտակել է 250 հազար դրամ: Հովհաննես Գալաջյանի խոսքերով, կեսօրից քիչ անց գալով խմբագրություն, Խաչատրյանը «անսպասելիորեն» մտել է հաշվապահություն եւ հաշվապահից վերցնելով բանալիները «սեյֆից փաստացի կողոպտել» է 250 հազար դրամը:

2007-ի սեպտեմբերի 29-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժման անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ այցելում է Հայ հեղափոխական դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոն։ Առաջին նախագահն այստեղ 40 րոպե զրուցում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանն ասում է, որ կարեւորը հենց հանդիպման փաստն էր:

2008-ի այս օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ է ընտրվում Հովիկ Աբրահամյանը: Նա Ազգային ժողովի պատգամավոր էր դարձել մեկ ամիս առաջ։